«Ամբաստանյալը դուք եք, մենք ազատամարտիկներ ենք». «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով նիստն հետաձգվեց

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

 Նիստերի քարտուղարուհին զեկուցեց, որ դատարան են ներկայացել գործով ամբաստանյալները, ինչը դուր չեկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին, վերջինս դիմելով քարտուղարուհուն հայտնեց, որ իրենք ամբաստանյալներ չեն։

«Ամբաստանյալը դուք եք, մենք ազատամարտիկներ ենք»,- ասաց Խանդոյանը։

Դատավոր Մակյանը փորձեց զսպել Խանդոյանին, սակայն վերջինս շարունակում էր հայտնել, որ իրենք ամբաստանյալ չեն։ Մի քանի անգամ զգուշացնելուց հետո դատավորը նրա նկատմամբ կիրառեց սանկցիա՝ նախազգուշացում։

«Ի՞նչ դատարան, մենք ստեղ դատարան չենք տեսնում»,- ի պատասխան դատավորի նախազգուշացմանը ասաց Արայիկ Խանդոյանը։

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր մտահոգությունը հայտնեց դատավորի ընտրության վերաբրեյալ՝ նշելով, որ ինքը չի հավատում պատահականությունների․ «Ես չեմ հավատում, որ համակարգիչը պատահմամբ է ընտրել ձեզ»։ Վերջինս հայտնեց, որ մյուս նիստին հանդես կգա դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ։

Նշենք, որ այս նիստին չէին ներկայացել գործով մի քանի փաստաբաններ, ինչի պատճառով նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 8-ին։

 Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ