Արժույթի միջազգային հիմնադրամը 50 մլրդ դոլար կհատկացնի Արգենտինային

Օրեր առաջ Արգենտինայի իշխանությունները և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնության են եկել՝ երկրին 50 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրելու հարցի շուրջ: Այս մասին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Միջազգային կազմակերպությունը վարկ կտրամադրի Արգենտինային երեք տարի ժամկետով:

Ընթացիկ տարվա մայիսին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանդես է եկել այն հայտարարությամբ, որ երկրի կառավարությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ վարկ ստանալու նպատակով։ Նրա խոսքերով՝ վերջին ժամանակաշրջանում Արգենտինայում ֆինանսական ճգնաժամ է սկսվել։ Դա պայմանավորված է արտաքին տնտեսական վիճակի վատթարացմամբ և նավթի գների բարձրացմամբ, իսկ Արգենտինայի կայուն վիճակը մեծապես կախված է արտաքին ֆինանսավորումից, ինչն էլ հանգեցրել է պետական ​​բյուջեի հաշվին կատարվող ծախսերի ավելացմանը։

Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն  Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Արգենտինան պայմանավորվածություն ունեն՝ «Ստենդբայ» ստանդարտ վարկի տրամադրման մասին։ Նրա խոսքերով՝ վարկի տրամադրման պայմանները ենթադրում են, որ 2019 թվականին գնաճը կկազմի 17%, 2020 թվականին կկազմի 13%, իսկ 2021 թվականին՝ 9%:

Հիշեցնենք, որ «Ստենդբայ» վարկավորումն առաջին անգամ կիրառվել է 1952 թվականին, որի առաջին վարկառուն է եղել Բելգիան։ Այս տերմինը նշանակում է, որ համապատասխան պարտականությունները կատարելու դեպքում պետությունն անպայման կստանա փոխառությունը։