ԱՀԿ-ն Պեկինին թույլատրել է նոր մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ապրանքների նկատմամբ

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Չինաստանը կարող է պատասխան մաքսատուրքեր կիրառել մոտ 3,6 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ԱՄՆ արտադրանքի ապրանքների ներմուծման համար՝ ԱՄՆ կառավարության կողմից չինական ապրանքների հակամաքսային կանոններին չհամապատասխանելու պատճառով:

Այս որոշումը կայացվել է Չինաստանի կողմից 6 տարի առաջ ներկայացված դիմումի հիման վրա` դեռևս երկու երկրների միջև ընթացող առևտրային պատերազմից շատ առաջ:

Նոյեմբերի 1-ին Ժնևում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արբիտրաժը որոշում է կայացրել երկու երկրների միջև առևտրային վեճի մասին, որը սկսվել է 2014 թվականին: ԱՀԿ որոշումը ոչ մի կապ չունի առևտրի ոլորտում ներկայում երկու երկրների միջև առկա տարաձայնությունների հետ: Գրեթե վեց տարի առաջ Պեկինը բողոքել է այն մեթոդաբանության մասին, որով ԱՄՆ-ն հետաքննել է Չինաստանի արտահանման գործընթացը և եկել է այն եզրահանգման, որ Չինաստանը դեմպինգ է իրականացնում: ԱՀԿ արբիտրաժը բավարարել է Չինաստանի բողոքը և որոշել է, որ Վաշինգտոնը կազմակերպության մի շարք կանոններ է խախտել:

Նշենք նաև, որ ԱՀԿ-ն ԱՄՆ-ին թույլատրել է առևտրային պատժամիջոցներ կիրառել ԵՄ-ի դեմ։ Հոկտեմբեր ամսվա կեսին ԱՀԿ-ն պաշտոնապես հաստատել է ԱՄՆ-ի որոշումը՝ Եվրամիությունից ապրանքների ներմուծման համար լայնածավալ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ կապված եվրոպական Airbus ավիաշինական կոնցեռնի կողմից ապօրինի սուբսիդիաների ստացման հետ:

ԱՀԿ արբիտրաժը որոշել է, որ ԵՄ-ն և նրա անդամները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան չեն չեղարկել Airbus- ի համար անօրինական սուբսիդիաները, որոնք դժվարացրել են ամերիկյան մրցակից Boeing-ի գործունեությունը։ Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել եվրոպական արտադրանքի ապրանքների նկատմամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 7,5 միլիարդ դոլար: