Միջազգային դատարանը մասնակի բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը

Այս տարվա հոկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացած բաց նիստի ժամանակ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի վերաբերյալ կայացրած որոշումը։ Հայցը վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Իրանի համոզմամբ՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումն օրինական հիմքեր չունի։ Գործի շրջանակներում Թեհրանը միջնորդություն է ներկայացրել Միջազգային դատարան՝ մինչև դատավարության ավարտը ԱՄՆ-ի նկատմամբ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու և հակաիրանական պատժամիջոցների կիրառումը դադարեցնելու պահանջի վերաբերյալ։

Այսպիսով, Միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Իրանի ներկայացրած հայցը։ Որոշումը հրապարակել է ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի նախագահ Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը։ Հիմք ընդունելով երկու երկրների միջև 1955 թվականին կնքված պայմանագրի դրույթները՝ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել ընթացիկ տարվա մայիսի 8-ին Իրանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցների կիրառումը։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության ոլորտին և քաղաքացիական ավիացիային։ Դատարանի որոշմամբ՝ ԱՄՆ-ն պետք է չեղյալ հայտարարի Իրանի նկատմամբ սահմանված բոլոր այն պատժամիջոցները, որոնք խոչընդոտներ կամ արգելքներ են առաջացնում Իրանի Իսլամական Հանրապետություն դեղերի, դեղանյութերի և բժշկական սարքավորումների, հանքային պարարտանյութերի, գյուղատնտեսական արտադրանքի, պահեստամասերի, տեխնիկական սարքավորումների և Իրանի քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու համար այլ ապրանքների ներմուծման գործընթացում։

Միջազգային դատական ատյանները եզրակացրել են, որ կողմերը բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ վեճը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Այսպիսով, Դատարանը կարգադրել է ԱՄՆ-ին և Իրանին մինչև սույն գործով դատավարության ավարտը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խախտել 1955 թվականի պայմանագրի դրույթները, ապակայունացնել իրավիճակը կամ վատթարացնել երկու երկրների միջև հարաբերությունները։

Սույն որոշումն ընդունվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավորների կողմից միաձայն։ Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նշենք, որ Միջազգային դատարանի կայացրած վճիռները պարտադիր ուժ են պարունակում, սակայն Դատարանն այդ վճիռները ի կատար ածելու հզորություն չունի։ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործի շրջանակներում: Բացառիկ դեպքերում Միջազգային դատարան կարող է ներկայացվել որոշման վերանայման մասին խնդրանքը՝ միայն նոր բացահայտված հանգամանքների հիման վրա, որոնք իրենց բնույթով կարող են վճռական ազդեցություն ունենալ գործի վրա, և որոնք որոշում կայացնելիս հայտնի չեն եղել ոչ Դատարանին, ոչ վերանայում խնդրող կողմին. ընդորում` այն պայմանով, որ նման անիրազեկությունը չի հանդիսացել անփութության հետևանք: Որոշման վերանայման մասին խնդրանքը պետք է ներկայացվի Դատարան նոր հանգամանքների բացահայտումից հետո 6 ամսվա ընթացքում։