Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Գնել Թևոսյանը:
Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց՝ նշելով, որ ինքը կոնֆլիկտ չի ունեցել Հայկազ Բարսեղյանի հետ: Ամբաստանյալի համոզմամբ գործով վկաները եղել են ուղղորդված և տվել են կեղծ ցուցմունքներ, քանի որ ռազմական ոստիկանությունում նրանց վրա ճնշում են գործադրել, սակայն չի հիշում կոնկրետ ով և ում նկատամամբ է ճնշում գործադրել:
«Ես իմ տեսածն եմ ասում, սա տեղեկատվություն է, ոչ թե ենթադրություն: Վկաները էնքանով են սխալ ցուցմունք տալիս, որ նախաքննականում գրել են վատնա եղել, բայց գալիս են ստեղ ասում են լավնա: Մարդիկ էն հոգեկան վիճակում են և իրենց մեջ այնպես են սերմանել այդ ցուցմունքները, որ իրենք միևնույն է այդ ցուցմուներն են տալու: Եթե հոգեպես թույլ չլինեին սուտ ցուցմունքեր չէին տա, իսկ ինչ կապված է իմ անձի հետ ես ընդհանրապես չեմ ընդունում, դա անհիմն է: Ես ընդհանրապես 22 տարեկան եմ և 22 տարվա մեջ դանակ չեմ ունեցել »,- իր խոսքում նշեց նա:
Ամբաստանյալը հայտնեց, որ նույն ճնշումները եղել են նաև իր նկատմամբ և ստիպել են չարած հանցագործությունն իր վրա վերցնել, սակայն ինքը հրաժարվել է: Մեղադրողի այն հարցին, թե ինչո՞ւ այդ մասին չի հայտնել նախաքննական ցուցմունքի ժամանակ, ամբաստանյալը նշեց, որ սպասում էր մինչև դատարանում կհայտնի այդ մասին:
Բնութագրելով Հայկազ Բարսեղյանին ամբաստանյալը հայտնեց, որ նրա հետ ունեցել է սովորական հարաբերություններ, իսկ գործով մյուս ամբաստանյալներն իր ընկերները չեն եղել և նրանց հետ հաց չի կիսել, սակայն որքանով հասցրել է նրանց ճանաչել, ապա հավատում է նրանց անմեղությանը:
«Ես որպես մարդ չեմ կարա մի վայրկյան կասկածեմ, որ էս մարդիկ կարան սպանած լինեն»,- ասաց նա:
Հարցին, թե վերջին անգամ, երբ է տեսել Հայկազ Բարսեղյանին գնել Թևոսյանը պատասխանեց, որ նրան վերջին անգամ տեսել է հունվարի 28-ի առավոտյան, իսկ երեկոյան ինքը գնացել է սենյակ և պառկել է քնելու, հաջորդ օրն արթնացել է առավոտյան 7:30:
Անդրադառնալով այն ցուցմունքներին, որի համաձայն ամբաստանյալը սպառնացել է մեկ այլ կուրսանտ Գոռ Ասլանյանին, ասելով՝ «Մի հատ էլ ես հետ նայել կողքը կհայտնվես», ամբաստանյալը հայտնեց, որ ինքը միայն ասել է տղեք սուս մնացեք, մի խոսացեք. «Շառ անողի համար տարբերություն չկա՝ մի հատ շառ ավել կանի, թե քիչ»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է հաճախակի բացակայել ինստիտուտից Գնել Թևոսյանը նշեց, որ իր բացակայությունները հաճախակի բնույթ չեն կրել և եղել են նույն հաճախականությամբ ինչ մյուսներինը:
Նշենք, որ ամբաստանյալ Գնել Թևոսյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին է և վկաներից շատերն իրենց ցուցմունքերում նշել են, որ օգտվելով այդ դիրքից վերջինս ունեցել է արտոնություններ և հաճախ դուրս գալով ինստիտուտից գնցել է տուն:
«Ես արտոնություն չեմ ունեցել, երբ զորամասից դուրս եմ եկել ինձ մոտ եղել է ազատ արձակման թուղթ: Ես այնտեղ գնացել եմ սովորելու, այդտեղ գնում են հայրենիքի պաշտպան դառնալու, ոչ թե քրեական հեղինակություն», -ասաց նա՝ նշելով, որ իր համար ավելի դժվար է եղել ծառայելը, քանի որ իր ծնողը ևս ծառայել է այդտեղ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց ինքը մեղադրվում այս գործում, և ինչո՞ւ են հենց իր անունը տվել վերջինս հայտնեց, որ դա կապված է իր հոր անվան հետ, իսկ մյուս ամբաստանյալների մասին ոչինչ չի կարող ասել:
«Աստված տա, որ այս ամենը բացահայտվի և ես անձամբ ձեզ հետ կգամ ձեր տղու գերեզմանին, իմ սիրտն ու իմ խիղճը Աստծու առաջ մաքուր է»,- ասաց ամբաստանյալը՝ դիմելով տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանին:
Ընդմիջման ընթացքում զրուցեցինք նաև տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանի հետ, վերջինս հայտնեց, որ Գնել Թևոսյանը լավ պատրաստված էր, սակայն դա չի նշանակում, որ նա մեղավոր չէ. «Սցենարը լավ գրված, լավ մատուցված էր: Ինքը սկզբից հերքել է մինչև հիմա էլ հերքում է, եթե դատարանի դահլիճում բոլորը նստած ինքը սենց վարքագիծ ունի, բա ինստիտուտում ինչա կատարվել: Նույն վիճակը, դեռ ավելի վատ այնտեղ է եղել, քանի որ պապան հովանավորել է և ստեղծվել է այդ արտոնյալ վիճակը: Եթե իրանք մեղավոր չեն, եթե մի բան գիտի թող կանգնի ասի՝ գիտեք ես ականջիս ծայրով լսել եմ, որ էն մեկը մեղավոր է սպանության մեջ»:
Անդրադառնալով նրան, որ Գնել Թևոսյանը դատարանում հայտնեց, թե ընկերական հարաբերություններ չի ունեցել մյուս 3 ամբաստանյալների հետ պարոն Բարսեղյանը նշեց, որ դա սուտ է:
«Շարքային խուլիգան է, իրան դրել է լավ տղու տեղ, ինքը լավ տղա չի կարա լինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: