Ռուսաստանից զեկույց ներկայացնել՝ Ղրիմի թաթարների Մեջլիսի գործունեության վերաբերյալ 

Օրեր առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պահանջել է Ռուսաստանի Դաշնությունից զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար իրականացված գործողությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Ուկրաինան բողոքել է Ռուսաստանի դեմ և հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում խախտվում են թաթար ժողովրդի, ինչպես նաև այլ փոքրամասնությունների իրավունքները։

2017 թվականի ապրիլի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ռուսաստանը պարտավոր է չեղարկել ՌԴ Գերագույն դատարանի կողմից Ղրիմի թաթարների Մեջլիսը որպես ծայրահեղական ճանաչելու և նրա գործունեությունն արգելելու մասին ընդունված վճիռը։ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Մեջլիսի գործունեությունը վերսկսելու և Ղրիմի թաթարների իրավունքների խախտումները վերացնելու համար։

2018 թվականի ապրիլին Ուկրաինան կրկին հայտ է ներկայացրել դատարան և բողոքել է, որ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ դատարանի կայացրած որոշումն իրագործելու համար։ Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել և Արդարադատության միջազգային դատարանին տեղյակ պահել՝ Ղրիմի թաթարների կարգավիճակի մասին։

«Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել և չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը։ Նման վերաբերմունքը վկայում է Արդարադատության միջազգային դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Այժմ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է բացատրել Դատարանին և զեկույց ներկայացնել, թե ինչ գործողություններ են իրականացվում՝ Ղրիմում Մեջլիսի գործունեությունը շարունակելու և թաթարների համար կյանքի և գործունեության բնականոն պայմաններ ապահովելու նպատակով»,- հայտարարել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Զերկալը: