Կոժեմյակինան ընդդեմ Լիտվայի

2012 թվականի փետրվարին Կլայպեդա քաղաքում ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել։ Հարձակման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գործի շրջանակներում իրականացված հարցաքննության ժամանակ Դիմումատուի որդին՝ Ա․Կ․-ն, հայտնել է, որ հարձակման պահին դիմել է միայն անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այնուամենայնիվ, սույն գործով Դիմումատուի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ՝ իրականացված ավազակային հարձակմանը մասնակցություն ցուցաբերելու համար։

2012 թվականի նոյեմբերին Լիտվայի Առաջին ատյանի դատարանը պարզել է, որ ավազակային հարձակման դեպքն իրականցրել է Դիմումատուի որդու ընկերը։ Առաջին ատյանի դատարանը Դիմումատուի որդու ընկերոջն ավազակային հարձակում կատարելու համար մեղավոր ճանաչելու մասին վճիռ է կայացրել։ Քրեական գործի շրջանակներում Դիմումատուի որդուն մեղադրանք չի առաջադրվել, և տեղի ունեցած հարձակման մեջ նրա մեղավորությունը չի ապացուցվել։ Այնուամենայնիվ, Դատարանը որոշել է ավազակային հարձակմանը մասնակցելու համար մեղավոր ճանաչել Դիմումատուի որդուն։ Սակայն, հիմք ընդունելով վերջինիս անչափահաս լինելու` տասնվեց տարին լրացած չլինելու հանգամանքը՝ Առաջին ատյանի դատարանը չի դատապարտել և քրեական պատասխանատվության չի ենթարկել Դիմումատուի որդուն, քանի որ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը։

2013 թվականի մայիսին հարձակման ենթարկված անձը բողոքել է Դիմումատուի որդուն քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ և քաղաքացիական հայց է ներկայացրել Դիմումատուի և վերջինիս որդու դեմ՝ իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին։ Դատարանը բավարարել է Դիմումատուի և նրա որդու դեմ վնասի փոխհատուցման պահանջի մասին ներկայացված հայցը։ Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն 2014 թվականին Լիտվայի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։

Դիմումատուն բողոքել է, որ իր և իր որդու նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարության մասնակցի կարգավիճակ երբեք չի ունեցել, իսկ իր որդին ձեռք է բերել միայն վկայի կարգավիճակ և ազատվել է պատժից։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է իրեն և իր որդուն փոխհատուցման վճարում նշանակելու Դատարանի կայացրած որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Լիտվան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 3․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 876 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։