ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Բազե 2017» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 25-ին Ծաղկաձորում հանդիպել է «Բազե 2017» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ընթացքում  մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներին զուգահեռ մշտապես կազմակերպվում են հանդիպումներ պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ, որոնց ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունենում հյուրերի հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները:

Խորհրդարանի ղեկավարը անմիջական զրույց է ունեցել հավաքի մասնակիցների հետ, եւ կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահին: Երիտասարդների հարցերը վերաբերել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, երկրում երիտասարդական ծրագրերի իրականացմանը:

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից հաղորդում է, որ Արա Բաբլոյանը «Բազե»-ի 15-ամյակի առթիվ մի շարք բազեականների պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվոգրերով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներով, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով: Բազեականներն էլ իրենց հերթին ՀՀ ԱԺ նախագահին հանձնել են հոբելյանական տարին խորհրդանշող բազեի արձանիկ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը լուսանկարվել է բազեականների հետ եւ խոստացել առաջիկա տարիներին նույնպես այցելել նրանց՝ ճամբարականների հետ առավել անմիջական շփվելու ակնկալիքով: