Ֆիլկինն ընդդեմ Պորտուգալիայի

Դիմումատուն՝ Եվգենի Ֆիլկինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին, բնակվում է Վիեննայում։ Գործը վերաբերում է փողերի լվացման կասկածանքով հարուցված քրեական գործով դատավարության ընթացքում Դիմումատուի բանկային հաշվի սառեցմանը:

2011 թվականի փետրվարին Պորտուգալիայի Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը սկսել է հետաքննություն իրականացնել փողերի լվացման հետ կապված կասկածելի բանկային գործարքների գործով, որոնք գրանցված են «BANIF» բանկի հաշիվներում: Արդյունքում, քրեական գործ է հարուցվել, և դատավարը կարգադրել է սառեցնել (արգելադրել) հաշիվերը մինչև 2011 թվականի մայիսի 2-ը։ 

Դիմումատուն բանկի կողմից ծանուցվել է, որ դատավորի որոշման համաձայն չի կարող օգտագործել իր հաշիվը: Հաշվի սառեցման ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է։ Դիմումատուն քայլեր է ձեռնարկել և խնդրել է չեղյալ հայտարարել իր բանկային հաշիվը սառեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը, սակայն, ապարդյուն։ 

2014 թվականի հուլիսի 23-ին քննչական մարմինը դադարեցրել է գործի քննությունն այն հիմքով, որ անհնար է եղել պարզել կասկածելի միջոցների ծագումը կամ որոշել, թե արդյոք դրանք ապօրինի գործողությունների արդյունք են եղել:

2014 թվականի հուլիսի 24-ին նախաքնննություն իրականացնող մարմինը վերացրել է Դիմումատուի հաշվի սառեցման միջոցը` առանց նրան տեղեկացնելու:

2012 թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Նա բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ իր բանկային հաշվի սառեցումը հանգեցրել է սեփականության իրավունքի և պաշտպանության խախտմանը, ինչպես նաև պատճառ է հանդիսացել ֆինանսական մեծ կորուստներ կրելուն։ 

Գործի քննության ընթացքում ՄԻԵԴ-ը պարզել է, որ Դիմումատուին երբեք պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել: Վերոգրյալ քրեական գործի շրջանակներում Դիմումատուն երբեք չի հարցաքննվել քրեական հետաքննության համար պատասխանատու մարմինների կողմից, բացի այդ՝ չի բացահայտվել փողերի լվացման կամ որևէ այլ հանցագործության մեջ Դիմումատուի ներգրավվածությունը փաստող որևէ ապացույց: ՄԻԵԴ-ը պարզել է նաև, որ Դիմումատուի հաշվի սառեցման ժամկետի մի քանի անգամ երկարաձգումը կատարվել է անհիմն և անօրինական կերպով։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դիմումատուն իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է Դիմումատուին վճարել 5․490 եվրո՝ դատական ծախսերի համար։ 

Մեկնաբանություններ