259 հազար եվրո կհատկացվի վարչապետի աշխատակազմին ՄԻԵԴ վճռով դիմումատուներին վճարելու համար

Կառավարությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով` Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով պայմանավորված, 259 հազար եվրո կհատկացնի վարչապետի աշխատակազմին:  Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է եղել կառավարության մարտի 5-ի նիստի օրակարգում:

Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:

ՄԻԵԴ-ի «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի հոկտեմբերի 17-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուներին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 259 հազար եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 17-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի 17-ն է: