Դիմումատուն՝ Նեժդեթ Աթալայը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1978 թվականին, բնակվում է Թուրքիայի Բաթման քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես, Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ապօրինի զինված կազմակերպության օգտին քարոզչություն իրականցնելու համար։
2006 թվականի մարտին Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կուսակցության 4 անդամ է սպանվել։ Նրանց հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել մարտի 28 ին Դիարբեքիրում, որին մասնակցել է նաև Դիմումատուն։ Այնուհետև, կազմակերպության այլ անդամներ ցույցեր են իրականացրել։ Նույն թվականի մայիսին Աթալայի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» ցույցերի ժամանակ աջակցելու և քարոզչություն իրականցնելու մեղադրանքով։
2008 թվականի մարտի 11-ին ներպետական դատական ատյանները մեղավոր են ճանաչել Ալթային՝ ապօրինի զինված կազմակերպությանը և նրա անդամներին ցույցերի ժամանակ աջակցություն ցուցաբերելու և նրանց անօրինական գործողություններին մասնակցելու համար։ Դատական ատյանները դատապարտել են Ալթային 10 ամսվա ազատազրկման։
Դիմումատուն բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն, ապարդյուն։ Այնուհետև, նա բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ալթայը բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր դեմ քրեական գործ հարուցելու և ազատազրկում նշանակելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին։
Գործի շրջանակներում Դիմումատուն և պատասխանող Պետությունը դիրքորոշումներ են ներկայացրել։ Դիմումատուն պնդել է, որ համապատասխան ժամանակահատվածում քաղաքական գործիչ է եղել, և նորմալ երևույթ է, որ նա մասնակցել է իր քաղաքի բնակիչների հուղարկավորությանը կամ արտահայտել է իր կարծիքը, քանի որ չեն արտահայտվել բռնության դրսևորումներ։ Նա հավելել է, որ իր դեմ քրեական գործի հարուցումը որևէ օրինական նպատակ չի հետապնդել և խախտել է ժողովրդավարական հասարակության իրավունքները:
Կառավարությունը պնդել է, որ Դիմումատուի խոսքի ազատության իրավունքի միջամտությունը սահմանվել է օրենքով, և որ այն հետապնդել է ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և անվտանգության պաշտպանության օրինական նպատակ:
ՄԻԵԴ-ը նշել է՝ այն հանգամանքը, որ Աթալայը մասնակցել է կուսակցության անդամների հուղարկավորությանը դեռևս չի նշանակում, որ նա զբաղվում է ապօրինի կազմակերպության քարոզչությամբ։ Հաշվի առնելով սույն գործով Դիմումատուի և պատասխանող Պետության դիրքորոշումները, ներկայացված փաստարկները և ապացույցները, ՄԻԵԴ-ը վճռել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․000 եվրո՝ դատական ծախսերի համար։