Յոնալն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Ահմեթ Յոնալը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1956 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն պատկանող հրատարակչական տան հրատարակած գրքի բովանդակության համար իրեն դատապարտելու մասին որոշմանը։

1999 թվականի դեկտեմբերին Դիմումատուին պատկանող հրատարակչական տան կողմից գիրք է հրատարակվել՝ ազգությամբ քուրդ գործարար Հուսեյն Բայբաշընի մասին։ Վերջինս մեղադրվել է թմրանյութերի առք ու վաճառք իրականացնելու և «Քրդական աշխատավորական կուսակցությանն» անդամակցելու մեջ։

2000 թվականի մարտի 22-ին Բեյօղլու շրջանի դատախազը մեղադրանք է առաջադրել Դիմումատուին՝ վերջինիս պատկանող հրատարակչական տան հրատարակած գրքում Թուրքիայի Նախագահին վիրավորելու և պետության և պետական անվտանգության ծառայություններին զրպարտելու համար։ 2006 թվականի փետրվարի 7-ին Թուրքիայի ներպետական դատական ատյանները մեղավոր են ճանաչել Դիմումատուին և համապատասխան գումարի չափով տուգանք են նշանակել։ Դիմումատուն բողոքել է ներպետական դատական ատյանների կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ 2007 թվականի ապրիլի 3-ին Վճռաբեկ դատարանը մերժել է Դիմումատուի բողոքը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Դիմումատուն բողոքել է իրեն պատկանող հրատարակչական տան կողմից հրատարակված գրքի բովանդակության համար իրեն դատապարտելու, մեղավոր ճանաչելու և տուգանք նշանակալու որոշման մասին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է Դիմումատուին պատճառված նյութական վնասի համար վճարել 680 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․500 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ