Իրազեկում. Ի՞նչ պատիժ է նախատեսված կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության համար

ՀՀ Քրեական օրենսգիրքի Հոդված 215.1.-ը սահմանում է  կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը:Այսպես՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով, ապա  պատժվում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով տուգանքով կամ մինչև երկու տարի ազատազրկմամբ (Հոդված 215.1. մաս 1):

Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգությունը, որը կատարվել է`առանձնապես խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով, ապա պատժվում է երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև գույքի բռնագրավմամբ:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով, պատժվում է  երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև գույքի բռնագրավմամբ:

Սույն հոդվածով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարը և անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի, առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և  վճարային գործիքների արժեքի կրկնապատիկը, իսկ առանձնապես խոշոր չափերով կատարված՝ եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի և անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի` առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների արժեքի հնգապատիկը:

Անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի և անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքի չափը հաշվարկելիս անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարից և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքից ենթակա է նվազեցման այն չափը, որը Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ թույլատրվում է տեղափոխել առանց հայտարարագրման:

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգություն հոդվածով նախատեսված կանխիկ դրամական միջոցները և (կամ) վճարային գործիքները կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

Սույն հոդվածով նախատեսված դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների հանձնումը չի կարող դիտվել որպես կամովին հանձնում, եթե դրանք հայտնաբերվել են մաքսային հսկողության ձևերի կիրառման, անձի ձերբակալման կամ քննչական գործողությունների կատարման ընթացքում:

Սույն հոդվածի իմաստով կանխիկ դրամական միջոցներ են համարվում թղթադրամների և գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշերը, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում և օրինական վճարամիջոց են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի հետ փոխանակման ենթակա դրամանիշերը, ինչպես նաև վճարային գործիքներ են համարվում ճանապարհային չեկերը, մուրհակները, չեկերը (այդ թվում՝ բանկային), ինչպես նաև, ըստ ներկայացնողի, փաստաթղթային արժեթղթերը:

7. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 235.1-ին և 267.1-ին հոդվածներով մաքսանենգություն են համարվում 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների՝ օրենքով սահմանված խոշոր չափերով, ինչպես նաև, անկախ չափերից, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու, կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով: