Միջազգային քրեական դատարանն անմեղ է ճանաչել 2011 թվականին ազատազրկման դատապարտված Կոտ դ՛ Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին։ Վերջինս մեղադրվել է մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանը դատապարտել է պետության ղեկավարին։ Յոթ տարի պատիժը կրելուց հետո Լորան Գբագբոն ազատ է արձակվել՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով։
2010 թվականին Գբագբոն պարտվել է ընտրությունները, սակայն հրաժարվել է ճանաչել նոր նախագահի իշխանությունը։ Ընտրություններից հետո Գբագբոն մեղավոր է ճանաչվել 2010 թվականին բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ սպանության, խոշտանգումների և բռնաբարության դեպքերի իրականացման համար, որոնց հետևանքով զոհվել է 3000 մարդ, իսկ 500 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։ 2011 թվականին Կոտ դ՛ Իվուարի ամենաազդեցիկ մարդը կալանավորվել է նախագահական թաքստոցում՝ ֆրանսիական զորքերի և ՄԱԿ-ի խաղապահների օգնությամբ։ Նրա գործը փոխանցվել է Հաագայի դատարան։ Գործի շրջանակներում քննիչները Լորան Գբագբոյի դեմ մի շարք փաստարկներ են ներկայացրել։ Այնուամենայնիվ, Դատարանը վճռել է, որ Գբագբոն մեղավոր չէ, քանի որ մեղադրող կողմը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել։ Դատարանը որոշել է անհապաղ ազատ արձակել Լորան Գբագբոյին։