Սևանա լիճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնապահպանական օբյեկտների ցանկի մեջ ներգրավելու խնդրի առաջ

Օրեր առաջ մտավորականների և բնապահպանների մի  խումբ հայտարարեց, որ  պատրաստվում է դիմել արտգործնախարարին, Բնապահպանության ու Սփյուռքի նախարարներին՝ վերջիններիս խնդրելով, որ ջանքեր գործադրեն, որպեսզի Սևանը  ներգրավի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնապահպանական օբյեկտների համապատասխան ցանկի մեջ:

 «Սևանա լճի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Լիճն այժմ պետք է մոտ լինի իր բնական պայմաններին. ջուրը պետք է մաքուր լինի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն ճահիճ չդարձնենք: Մեր այս նախաձեռնությունը միտված է նրան, որ լճի վիճակը բարելավենք, այն  ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի  կազմում, քանի որ հետագայում առաջացած խնդիրների առկայության պարագայում, մեզ  կօգնի նաև միջազգային հանրությունը»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Արդեն քանի տարի է, որ նման նախաձեռնությամբ են հանդես գալիս գիտնականները, բնապահպանները և ուղղակի մտահոգ քաղաքացիները, սակայն, խնդիրներ կան Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնապահպանական օբյեկտների համապատասխան ցանկի մեջ ներգրավելու հետ կապված՝ Սևանա լիճը շրջապատող հանգստյան տները, նրանցից առաջացող կեղտաջրերն ու աղբը, ձկնագողությունը:

 «Սևանը տուրիզմի համար անբարենպաստ է, քանի որ չկա այնպիսի լիճ, ուր լցվեն բոլոր կենցաղային հոսքաջրերը, հանգստյան տների կեղտաջրերը: Բացի այդ, երբ եկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները՝ որսագողություն էր կատարվում այդ պահին, ոչ օրինական ձկնարդյունահանում: Այս խնդիրները լուծելուց հետո մենք կարող ենք դիմել նրանց: Առաջին հերթին մենք պետք է մտահոգվենք, որ հետո էլ ուրիշների ուշադրությունը կարողանանք սևեռել այս խնդրի վրա»,- իր մտահոգությունը հայտնեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

 ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Համաշխարհային ժառանգության օբյեկտի չափանիշները, որոնցից գոնե մեկի առկայության դեպքում, ներկայացուցիչները կքննարկեն ներկայացված օբյեկտը: Այդ չափանիշներից մեկն է՝ «Օբյկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների և բուսական ու կենդանական համայնքների էվոլյուցիայում էկոլոգիական և կենսաբանական կատարվող պրոցեսների բացառիկ նմուշ է»:

Բնապահպանների և գիտնականների համար դեռ միակ մտահոգությունը կարող էին վերը թվարկված խնդիրները լինել, քանի դեռ Ազգային ժողովը չէր ընդունել «Սևանա լճից 100 մլն մ³ լրացուցիչ ջրառի մասին» օրենքը՝ 77 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:  Կողմ էին  քվեարկել «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` «Ելք» խմբակցության 4 պատգամավորները: Նախագծի ընդունումը բողոքների և խոսակցությունների մեծ ալիք առաջացրեց, քանի որ նախագծի ընդունման համար ԱԺ-ն ոչ մի հիմնավոր պատճառ չէր ներկայացնում:

«Հիմնավոր պատճառներ այդպես էլ չբերվեցին, հուլիսն անցնում է, երաշտ չկա, անձրևները շարունակվում են, և անհրաժեշտություն էլ չկա, որ Սևանից նորից ավելորդ ջուր վերցնեն: Տարվա ընթացքում այնպիսի իրավիճակ է եղել, որ հենց գարնանն իրենք վերցրել են 170 մլն մ³ և հիմա էլ ստիպված են 100 մլն մ³ վերցնել»,- ասաց Մտավորականների խորհրդի անդամ Արամ Սարգսյանը:

«էլեկտրաէներգիա ստանալը և վաճառելն է պատճառը, որի գումարը շատ չնչին բան է կազմում: Պատճառներից է նաև այն, որ ձկնաբուծարանների ջուրը պակասել է, ստորգետնյա ջրամբարը շատ ավելի իջել է իր մակարդակով, և ջուրը ստիպված են հիմա ավելի ցածր մակարդակից վերցնել», – ասում է մտավորականը:

 Հարցին արագ արագանքեցին նաև «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները: «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը հայտարարեց, որ մի խումբ մարդիկ այսօր մտահոգված են Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հարցերով. «Սևանն ունի ռազմավարական նշանակություն, և եթե խորհրդարանը նման հեշտությամբ տրամադրում է այդ ռազմավարական առաջնահերթությունն անձնական շահերի բավարարման համար, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մնացած ռազմավարական առաջնահերթություններն էլ չեն տրամադրվի  նման հեշտությամբ: Սա ազգային անվտանգության լուրջ խնդիր է»:

Դեռևս հստակ պարզ չէ, թե ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կարձագանքեն այս նոր օրենքին: Գուցե այս քայլը հեռվացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնապահպանական օբյեկտների համապատասխան ցանկի մեջ ներգրավելու հնարավորությունից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»: Ցանկում Հայաստանը ներկայացված է նաև «Հաղպատի և Սանահինի վանքեր», «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» և «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» հայտերով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն է՝ UNESCO՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization: Այն ՄԱԿ-ի հատուկ գործակալությունն է, որը հիմնվել է 1945թ: Նրա հիմնական նպատակն է՝ համերաշխության և անվտանգության օժանդակությունը՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման միջոցով՝ համընդհանուր հարգանքի և արդարության տարածման համար:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի