«Օֆշորի» գործով  դատարանը հրապարակեց որոշումը. Ամբաստանյալը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «օֆշորի» գործով դատական նիստը:  Նիստի  մեկնարկին վերջին խոսքով հանդես եկավ աբմաստանյալ Աշոտ Սոքիասյանը, ով իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքներում:

«Այնպիսի տպավորություն է, որ մահապատժի են դատապարտում»,-ասաց ամբաստանյալը, հատ առ հատ անդրադառնալով իրեն առաջադրված երեք մեղադրանքներին:

«Ոչ մեկը չի հարցնում, թե մութ ու ցուրտ տարիներին մայկա տռուսիկ կարող Փայլակ Հայրապետյանը ինչպե՞ս  հայտնվեց էկոնոմիկայի ժողովում: Ի՞նչ խարդախության մասին է խոսքը, երբ Փայլակ Հայրապետյանն է ինձ մոտեցել և միասին 8 համաձայնագիր ենք ստորագրել»,-ասաց նա, հավելելով, որ փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքն էլ անհիմն է, քանի որ բանկը անհիմն վարկ չի տվել և ամեն ինչ գրված է:

«Բանկը որպես վարկ տրամադրել է 10 մլն 700 հազար դոլար, իսկ ես դրանից ավելին եմ  ծախսել՝ շուրջ 17 մլն դոլլար, որից մոտավորապես 6 մլն դոլլարն իմ անձնական գումարն է եղել։ Չեմ հասկանում, բիզնեսով զբաղելը փողեր լվանա՞լ է»,-ասաց Աշոտ Սուքիասյանը:

Ամբաստանյալի վերջին խոսքը ընդհատեց տուժող Փայլակ Հայրապետյանը.

«Կարաք ինձ ստեղ խփեք, թե չէ ես դուրս եմ գալու՝ սաղի հարցերը լուծեմ՝ ինձ էս օրը գցելու համար»,-ասաց  ամբաստանյալը, ինչին ի պատասխան դատարանը բարկացավ, ասելով, որ տուժողն ու ամբաստանյալը իրենց «գողական ռազբորկաներին» վերջ տան:

Որոշակի ժամանակ անց, դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի՝ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը մեղավոր է  ճանաչվում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներում:

Վճռի մեջ մասնավորապես ասվում է.                       

«Աշոտ Աշիկի  Սուքիասյանին ճանաչել մեղավոր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի համար:

ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված վնասի չափով:

Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել ազատազրկման  8 տարի ժամկետով ՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված վնասի չափով:

ՀՀ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտել ազատազրկմամբ 6 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված վնասի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատիժները մասնակիորեն գումարվելու միջոցով Աշոտ Սուքիասյանի նկատմամբ նշանակել ազատազրկում 16 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան հանցագործությամբ պատճառված վնասի չափով, որը պետք է կրի Արրդարադատության նախարարության համապատասխան հիմնարկում:

Սուքիասյանի նկատմամբ, որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ և պատժի սկիզբը հաշվել 2014 թվականի  հունվարի 31-ից:

Աշոտ Աշիկի Սուքիասիանից օգուտ տուժող Փայլակ Հայրապետյանի բռնագանձել 8 միլիարդ 519 միլիոն 412692 հազար ՀՀ դամ, որպես հանցագործության հետևանքով վերջինի սպատճառած գույքային վնասի հատուցում:

Աշոտ Սուքիասիանից օգուտ Վարդան Հայրապետյանի բռնագանձել 623 միլիոն 403 հազար  360 ՀՀ դրամ գումար,  որպես հանցագործության հետևանքով վերջինիս պատճառած գույքային վնասի հատուցում:

Աշոտ Սուքիասիանից օգուտ տուժող Գառնիկ Ղարիբյանի՝ բռնագանձել 2 միլիարդ 763 միլիոն 897 հազար 940 ՀՀ դրամ, որպես հանցագործության հետևանքով վերջինիս պատճառած գույքային վնասի հատուցում:

Աշոտ Սուքիասյանիցօգուտ պետական բյուջե բռնագանձել 82 միլիոն 447 հազար 445 ՀՀ դրամ գումար, որպես հանցագործության հետևանքով պետությանը պատճառած գույքային վնասի փոխհատուցում»:

Այսպիսով, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման, համապատասխան վերջինից գանձվեց գումարներ օգուտ տուժող կողմերին:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտները օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում (պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով), 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը (պատժվում է ազատազրկմամբ ՝ հինգից տասը տարի ժամկետով)։

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

 

Մեկնաբանություններ