«Սրանք Ալիևից էլ փող կվերցնեն, բայց կգնան Սերժին կընտրեն». «Իգլայի գործ»-ի շրջանակներում հրապարակվեցին գաղտնի ձայնագրությունները և գաղտնալսված հեռախոսազրույցները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Իգլայի գործ»-ը: Նիստը նախագահում էր դատավոր Արշակ Վարդանյանը:

 7 ամբաստանյալներից այսօր կալանքի տակ է գտնվում միայն 3-ը՝  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը, իսկ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Այսօր նիստի ժամանակ հրապարակվեցին ԱԱԾ-ի կողմից «Ներքին դիտման» օպերատիվ գործողությունների շրջանակում կատարված Ս. Բաբայանի աշխատասենյակում արված  գաղտնի ձայնագրությունները: 3 կրիչների վրա առկա ձայնագրությունները գրեթե լսելի չէին դահլիճում՝ նրանցում առկա աղմուկի և հարակից ձայների պատճառով: Հնարավոր եղավ տարանջատել միայն մի քանի բառակապակցություններ, որոնք պարունակում էին հայհոյախառն արտահայտություններ:

Ձայնագրությունների հրապարակման ժամանակ Սամվել Բաբայանը և նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը պարբերաբար դիմում էին դատարանին, խնդրելով հստակեցնել, թե ինչքանո՞վ կապ ունեն այդ խոսակցություններն քրգործի հետ:

«Սրանք անձնական խոսակցություններ են: Կարող ա ես եմ ու չեմ ուզում, որ լսելի լինեն»:

Դատավորը փորձեց ճշտել ամբաստանյալից. կարիք կա՞ դատական նիստն ընդմիջել և դռնփակ դարձնել: Բաբայանը չհամաձայնվեց.

«Դրա կարիքը չկա, ուղղակի չեմ հասկանում, թե սրանք ինչքանով կապ ունեն գործի հետ»:

Ըստ ձայնագրության, Ս. Բաբայանի աշխատասենյակ է մտնում մի կին, որն իր խոսքում նշում է՝ պետք չէ վստահել Սանասար Գաբրիելյանին:

«Սանոն բերնից թուլ ա»,- ասում էր նա, որը հետագայում պարզվեց սույն գործով վկա,  Էջմիածին քաղաքի բնակիչ, «ՕՐՕ» դաշինքին սատարած Սուսաննա Հարությունյանն էր:

«Ճիշտ էլ ասել եմ»,- տեղից բացականչեց վերջինս, որն առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը:

Սենյակում կատարված ձայնագրությունների հրապարակմանը հաջորդեց ամբաստանյալների հեռախոսային գաղտնալսված ձայնագրություննների վերծանված տարբերակի լսումը:

Դահլիճում լսվեց գործով վկա Հրաչյա Մայիլյանի 2017թ. փետվար-մարտ ամիսների հեռախոսային զրույցները, որոնք, ըստ մեղադրողի, առնչություն ունեն գործի հետ:

Այստեղ ևս առարկություններ հնչեցին Սամվել Բաբայանի և Ավետիս Քալաշյանի կողմից: Նրանք նշեցին, որ հեռախոսազրույցների մեծ մասը բացարձակ առնչություն չունեն գործի հետ:

Դատավոր Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ իր համար էլ հաճելի չէ այսքանը կարդալ և լսել, սակայն, եթե մեղադրող կողմը պնդում է, որ հրապարակումն անհրաժեշտ է, ուրեմն այլ տարբերակ չկա:

Հրապարակվող հեռախոսազրույցներն իրենց մեջ պարունակում էին հայհոյախառը բառակապակցություններ, անհասկանալի զրույցներ, որոնք վերաբերում էին նաև ընտրություններին. «Ընտրություններին 2 միլիոնից ավել փող են բաժանում, ասեցի վերցնենք թռնենք», «Սրանք Ալիևից էլ փող կվերցնեն, բայց կգնան Սերժին կընտրեն» և այլն:

Մեղադրողի խոսքի ավարտից հետո, Սամվել Բաբայանը դիմեց դատարանին, որ հրապարակեն նաև մի հեռախոսազրույցի սկիզբը.

«Ընդեղ կտրել եք ու չի հասկացվում, թե խոսքն ինչի մասին ա, սխալ տպավորություն ա ստեղծում: Հրապարակեք էդ հեռախոսազրույցն ամբողջությամբ»:

Դատավոր Վարդանյանն ընդունեց հայտարարությունը, բայց քանի որ բացակայում էր սկավառակների հետ աշխատող համապատասխան մասնագետը, դատարանն այդ հարցի լուծումը թողեց հաջորդ դատական նիստին:

Սկսվեց ամբաստանյալների հարցաքննության փուլը:

Ավետիս Քալաշյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, նշելով, որ իր պաշտպանյալներ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները պատրաստ չեն հարցաքննության փուլին:

Ժորա Զաքարյանի պաշտպանի ներկա չլինելը նշանակեց, որ չի կարող հարցաքննվել նաև ամբաստանյալ Զաքարյանը: Մյուս պաշտպանները ևս միջնորդեցին, որ հարցաքննությունը սկսվի հաջորդ դատական նիստի ժամանակ:

Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց ներկայացված միջնորդությունները:

Գործի վարույթը կշարունակվի հոկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Ռոզա Վարդանյան