Օրենքի նախագիծ. առաջարկվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի մեղմացում

parliament-AJՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով: Օրենքի նախագծի հեղինակն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: 

Նշենք, որ Մաքսային օրենսգրքի գործող խմբագրությամբ (38-րդ հոդվածի 3-րդ մաս)` այդ ապրանքների տեղափոխումը թույլատրվում է առավելագույնը տասնհինգօրյա ժամկետով՝ տարեկան ոչ ավել, քան երկու անգամ:

Մասնավորապես, ըստ օրենքի նախագծի ներկայացված հիմնավորման՝ Մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունը պայմանավորված է 38-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում առկա սահմանափակումը մեղմելու անհրաժեշտությամբ: Քննարկվող դրույթը (լրացվել է 2010թ. ՀՕ-25 օրենքի ընդունմամբ) մասնավորապես սահմանում է, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:

Համաձայն հիմնավորման՝ «սույն լրացումը պայմանավորված էր այն հիմնավորմամբ, որ Հայաստանում բնակվող քաղաքացիները չարաշահում էին իրենց իրավունքները` ներմուծելով և շահագործելով տրանսպորտային միջոցներ ժամանակավոր ներմուծման ռեժիմով առանց մաքսազերծման: Ցավոք, այդ լրացման հեղինակները հաշվի չեն առել մոտակա սփյուռքում, հատկապես` Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների շահերը, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ այլ երկրի քաղաքացի են, բայց դեռևս հաշվառված են Հայաստանի Հանրապետությում»:

Հայաստանից դուրս ու հատկապես Ռուսաստանում և Վրաստանում բնակվող հայերի մեծամասնությունը տարբեր պատճառներով նպատակահարմար է գտնում անձնական մեքենաներով ժամանել Հայաստան: Ժամանումը  պայմանավորված է հիվանդ հարազատներին խնամելու, հարազատների հուղարկավորության, հարսանիքի, այլ արարողություններին մասնակցելու եւ այլ պատճառներով:

Բազմաթիվ են դեպքերը, երբ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում առկա սահմանափակման հետևանքով մեկ տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ Հայաստանի մաքսային տարածք անձնական ավտոմեքենայով մեր հայրենակիցների մուտք գործելն արգելվել է կամ մի քանի օր ուշացումով հետ վերադառնալիս նրանցից գանձվել են խոշոր տուգանքներ:

Աղբյուրը՝ www.parliament.am

 

Մեկնաբանություններ