ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին:
Պարոն Պուրասի փաստահավաք առաքելության շրջանակում քննարկվել են առողջապահության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական լուծումների արդյունավետությանը և իրավակիրառ պրակտիկային, սոցիալական խոցելի խմբերի առողջության իրավունքի քրեաիրավական պաշտպանության ապահովմանն առնչվող խնդիրներ: Առանձին անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) և ՔԿՀ բժշկական սպասարկման հաստատություններում պահվող անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև այդ իրավունքների երաշխավորման դատախազական հսկողության կառուցակարգերին:
Արմեն Հարությունյանը նշել է, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում առողջապահության համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ գլխավոր դատախազության ռազմավարական ուղղություններից է: Նա ներկայացրել է ՔԿՀ-ներում և ձերբակալվածների պահման վայրերում գտնվողների առողջության իրավունքի երաշխավորման դատախազական ներգործության, պարբերաբար իրականացվող ստուգումներով խախտումներ, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում իրավասու պաշտոնատար անձանց համարժեք պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը:
Մտքեր են փոխանակվել նաև հանցանք կատարած և չկատարած անձանց հարկադիր բուժման ենթարկելու առանձնահատկությունների, ինչպես նաև Հայաստանում ընթացող համակարգային բարեփոխումների համատեքստում դրանց մեխանիզմները կատարելագործելու հնարավորությունների շուրջ: