Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ընթանալ «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը: Նիստը կրկին սկսվեց առանց ամբաստանյալների:
Նախորդ նիստերի ժամանակ մյուս ամբաստանյալների՝ Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Թաթուլ Թամրազյանի Հարություն Հովհաննիսյանի, Գևորգ Իրիցյանի, Արամ Մանուկյանի նխատմամբ կիրառվել էր դատական սանկցիա՝ 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացում:
Դատավորը արձանագրեց, որ հինգից ավել պաշտպաներ ներկա չեն դատական նիստին, տարբեր պատճառներով՝ մի քանիսը մյուս դատական գործով ներգրավված լինելու պատճառով, իսկ մյուս մասն էլ՝ արձակուրդում գտնվելու պատճառով: Նշենք, որ բացակա պաշտպանները նախապես դատարանին գրությամբ տեղյակ էին պահել իրենց նիստից բացակայության մասին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հիմք չընդունեց պաշտպանների բացակայությունը նիստը հետաձգելու համար, ինչը մյուս պաշտպանների մոտ դժգոհություն առաջացրեց:
«Այսինքն, ես հիմա կարող եմ վեր կենալ և գնալ, քանի որ իմ բացակայությունը խոչընդոտ չի լինի դատական նիստը շարունակելու համար: Եկել ժամանակ ենք վատնո՞ւմ»,- ասաց ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ինչին ի պատասխան դատավորը արձագանքեց, որ եթե վերջինս առանց իր թույլատվության լքի նիստերի դահլիճը, ապա՝ դատական սանկցիա կկիրառի պաշտպանի նկատմամբ:
Ինեսա Պետրոսյանը դատավորին մեղադրեց նիստերի դահլիճում նյարդային մթնոլորտ ստեղծելու մեջ, ինչի համար էլ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախազգուշական սանկցիա կիրառեց:
Դատական նիստի ընմիջումից հետո դատավորը ժամանակավորապես նիստերի դահլիճ հրավիրեց ամբաստանյալներին, որպեսզի պաշտպանյալների գործի մեջ ներգրավման վերաբեյալ կարծիքներ արտահայտեն:
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանի համար դատարանը հանրային պաշտպան է հրավիրել՝ փաստաբան Լիաննա Գասպարյանին: Նշենք, որ ամբաստանյալի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատական կարգադրիչների կողմից խուզարկման ենթարկվելու պատճառով էլ դատական նիստերի դահլիճ չի ներկայանում:
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը նոր պաշտպանի վերաբերյալ կարծիք հայտնելու փոխարեն դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. «Ինչո՞ւ չեմ ոտքի կանգնում: Դատարանն այդ հարցը չի տալիս: Դատավորը կարող է իրեն թույլ տալ՝ առանց մեր դրդապատճառներին ծանոթանալու սանկցիաներ և միջնորդություններ կիրառել»,- մյուս ամբաստանյալները ծափերով ողջունեցին Սերգեյ Կյուրեղյանի ասածը և միացան միջնորդությանը:
Մեղադրող կողմը անհասկանալի համարեց այն, թե արդյոք դատարանի դահլիճից հեռացված ամբաստանյալը իրավունք ունի՞ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ այն էլ նստած տեղից՝ դատական կարգը խախտելով:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստը մեկ ժամով հետաձգեց՝ դատական ակտ կազմելու և հրապարակելու համար:
Ընդմիջումից վերադարնալուց հետո դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, կրկին դիմեց Սերգեյ Կյուրեղյանին, որպեսզի վերջինս իր դիրքորոշումը հայտնի գործի մեջ հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ: Ամբաստանյալը ցանկություն հայտնեց մեկ այլ միջնորդություն ներկայացնելու, ինչը դատավորը թույլ չտվեց, որի համար էլ Կյուրեղյանը առանց դիրքորոշում հայտնելու լքեց նիստերի դահլիճը: Նույնը տեղի ունեցավ նաև ամբաստանյալ Թորոս Թորոսյանի հետ:
Դատավորը, այնուամենայնիվ, որոշում կայացրեց հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանին գործի մեջ որպես 2 ամբաստանյալների պաշտպան ներգրավելու:
Դատավորի կայացրած որոշումը դժգոհությունների տեղիք տվեց, արդյունքում՝ Լիաննա Գասպարյանը միջնորդություն ներկայացրեց. «Ես միջնորդություն-պահանջ եմ ներկայացնում՝ սույն քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ»,-ասաց նա:
Միջնորդությանը միացան մյուս պաշտպանները. «Գտնում եմ և պահանջում, որ անհապաղ դատարանը սույն միջնորդությունը քննի և գործի վարույթը կասեցնի: Կարծում եմ, որ դա բխում է արդարադատության շահերից, քանի որ 2 ամիս շարունակ ձգձգվում են դատական նիստերը և նորմալ դատական նիստեր չեն կայանում»,-ասաց փաստաբան Անուշ Մխիթարյանը, հավելելով, որ դատարանը այս պահին պետք է ուղղամիտ գտնվի և միջնորդությունը բավարարի, որպեսզի նիստերը կայանան օրենքով նախատեսված մակարդակով:
Մեղադրող կողմն իր հերթին միջնորդությանն առարկեց և անհիմն անվանեց:
Դատարանը, լսելով դատավարական կողմերի կարծիքները, որոշոմ կայացրեց միջնորդությունը թողնել առանց քննության, որպես ոչ ժամանակին հարուցված միջնորդություն. «Հետաձգելը ո՞րն է, մերժե՛ք կամ ընդունե՛ք, որպեսզի հետագայում ես կարողանամ Վերաքննիչ դատարան դիմել»,-ասաց հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանը:
Փաստաբան Գրիշա Բալասանյալն էլ իր հերթին դժգոհություն արտահայտեց դատարանի վերոնշյալ գործողության վերաբերյալ, հավելելով, որ միջնորդությունը ժամանակին ներկայացված է և բխում է արդարադատության շահից. «Եթե դուք և դատավարության կողմերը նպատակ ունեք շարունակել այս դատավարական նիստերը և չվերածել ներկայացումների, ապա՝ ճիշտ ժամանակին ներկայացված միջնորդություն է, որպեսզի կարողանանք քայլ առաջ շարժվել: Հաջորդ դատական նիստերին բախվելու ենք այս նույն խնդրին»,-ասաց նա:
«Ես առարկում եմ ձեր անօրինական գործողությունների դեմ: Դուք իրականում այսօրվա նիստը պետք է հետաձգեիք: Ի՞նչու եք դուք անընդհատ անօրինություն թույլ տալիս: Դուք ստեղծել եք մի իրավիճակ, որ մենք ինքնաբացարկի տասնյակ միջնորդություններ ենք ներկայացնում, իսկ դուք անօրինական ձևով մերժում եք»,-ասաց նա, ահվելելով, որ դատավորը իր այս քայլերով ցանականում է ցույց տալ, որ կարող է ամեն ինչ անել պաշտպանական կողմի հետ:
«Մենք պարտավոր չենք հանդուրժել ձեր այս գործողությունները»,-ավելացրեց Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքերով՝ դատավորի վերոնշյալ քայլը ցույց է տալիս, որ վերջինս չի ցանկանում դատական նիստը շարունակել և ուղղակիորեն իր գործողություններով այսպիսի որոշում կայացրեց:
Դատավորը չփոխեց իր որոշումը, արդյունքում շարունակվեց դատական նիստը: Դատավորը փորձեց ամբաստանյալ Գևորգ Իրիցյանից ճշտել՝ արդյո՞ք վերջինս հրաժարվում է իր պաշտպան Մուշեղ Շուշանյանից և համաձայն է գործի մեջ հանրային պաշտպան ներգարվվելուն: Ամբաստանյալը չհրաժարվեց իր պաշտպանից:
Հավելենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը համապատասխան գրությամբ տեղյակ էր պահել դատարանին, որ առողջական խնդիրների պատճառով գտնվում է հիվանդանոցում և չի կարող ներկայանալ դատական նիստին:
Դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 7-ը:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի