ՄԱԿ-ում ֆինանսական խնդիրներ են առաջացել

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի ֆինանսական կարգավիճակի կապակցությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ կազմակերպության ներկայիս ֆինանսական միջոցների պակասը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն կատարում կազմակեպության կանոնավոր բյուջեին իրենց պարբերական վճարումները։ Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ նախկինում երբեք նման տագնապալի իրավիճակ ՄԱԿ-ում չի նկատվել։ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի դեֆիցիտը կարգավորելու համար Գլխավոր քարտուղարը կոչ է արել կազմակերպության բոլոր անդամ պետություններին ժամանակին և ամբողջությամբ կատարել իրենց պարտականությունները։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Դանիել Դյուժարիկը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Գլխավոր քարտուղարը գրության միջոցով տեղեկացրել է կազմակերպության աշխատակիցներին՝ ֆինանսական խնդիրների առկայության մասին։ Նա շեշտել է, որ կազմակերպության աշխատատեղերի կրճատումներ չեն սպասվում, սակայն այժմ քննարկվում են ՄԱԿ-ի ծախսերը կրճատելու և ֆինանսական խնդիրները հարթելու բոլոր տարբերակները։

Ավելի վաղ հայտարարվել է, որ Ռուսաստանը նույնպես չի կատարել ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին իր վճարումները, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է իր կողմից նախկինում իրականացվող ֆինանսավորման կրճատումների մասին։