Վլաստարիսն ընդդեմ Հունաստանի

Դիմումատուն՝ Նիկոլաոս Վլաստարիսը, ազգությամբ հույն է, ծնվել է 1939 թվականին, բնակվում է Աթենքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի անշարժ գույքի օտարմանը և դրա համար փոխհատուցմանը, որն այդպես էլ չի հատկացվել։

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուին պատկանել է 1,154քմ մակերեսով հողատարածք՝ հին տան և այգու հետ։ Դրանք տեղակայված են եղել Էգալեո մունիցիպալիտետի քաղաքային թաղամասում: 1992 թվականի մայիսին Էգալեոյի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել կանաչ տարածք ստեղծել: 1995 թվականի հունիսի 6-ի որոշմամբ, Աթենքի համապատասխան մարմինը, որը պատասխանատու էր ծրագրի իրականացման համար, հրապարակել է հարակից հողամասերի տասնչորս սեփականատերերի ցուցակը, որոնք, բացի քաղաքապետարանից, պետք է փոխհատուցում տրամադրեին Դիմումատուին՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը կանաչ տարածքի ստեղծման նպատակով օտարելու համար:

2008 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ, Աթենքի առաջին ատյանի դատարանը որոշել է Դիմումատուի գույքի օտարման համար փոխհատուցման նախնական գումարը: Իսկ 2010 թվականի ապրիլի 30-ին Աթենքի վերաքննիչ դատարանը որոշել է փոխհատուցման վերջնական գումարը։ Դիմումատուի խոսքերով, այն կազմել է 1,264,327,48 եվրո, որից 799,200 եվրո պետք է վճարեին հարակից հողամասերի սեփականատերերը, իսկ Էգալեո քաղաքապետարանը պետք է հատկացներ 465,127,48 եվրո: Վերաքննիչ դատարանը որոշել է նաև, որ փաստաբանի վարձավճարը պետք է կազմի հատուցման գումարի 3% -ը, այսինքն՝ 37 929,83 եվրո, իսկ դատական ծախսերը՝ 550 եվրո: Քանի որ կողմերը չեն բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, այն մտել է օրինական ուժի մեջ:

Այնուամենայնիվ, փոխհատուցումը չի հատկացվել օրենքով սահմանված տասնութամսյա ժամկետի ընթացքում, ինչի արդյունքում գույքի օտարումը պետք է ինքնաբերաբար համարվեր դադարեցված (Հունաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի 4-րդ մաս): 2012 թվականի փետրվարի 24-ին Դիմումատուն խնդրել է քաղաքապետարանին շարունակել գույքի օտարման գործընթացը, որպեսզի նա կարողանա ստանալ վերաքննիչ դատարանի կողմից որոշված փոխհատուցման գումարները: Նրա պահանջը մերժվել է: Այնուհետև, Դիմումատուն մի քանի բողոքներ է ներկայացրել փոխհատուցման գումարի չվճարման վերաբերյալ, սակայն, ապարդյուն։

2014 թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Նա բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում՝ գույքի անարգել օգտագործման իրավունքի խախտման հիմքով։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ փոխհատուցում չի ստացել իրեն պատկանող անշարժ գույքի օտարման համար, չնայած այն հանգամանքին, որ հատկացվելիք գումարը որոշվել է Աթենքի վերաքննիչ դատարանի կողմից:

Կառավարությունը խնդրել է ՄԻԵԴ-ին մերժել բողոքը՝ իրավական պաշտպանության ներքին միջոցները չսպառելու հիմքով, քանի որ Դիմումատուն չի դիմել Վարչական դատարան և չի պահանջել վնասի փոխհատուցում։ Ըստ պատասխանող Կառավարության, քանի որ Դիմումատուն ձեռնպահ է մնացել նման բողոքարկումից և հնարավորություն չի տվել Կառավարությանը իրավիճակը շտկելու, ուստի՝ նա չի կարող քննադատել իշխանություններին իր իրավունքների խախտման մասին, որոնց մասին բողոքել է ՄԻԵԴ-ին։

Դիմումատուն պնդել է, որ ՄԻԵԴ ներկայացված իր բողոքը հիմնված է փոխհատուցման չվճարման հետ կապված նրա սեփականության իրավունքին ենթադրյալ միջամտության վրա: Ըստ նրա, կառավարության կողմից նշված միջոցն անտեղի է, և դրա կիրառումը միայն կերկարաձգեր դատավարության տևողությունը։

ՄԻԵԴ-ն իր դիրքորոշումներում նշել է, որ այս դեպքում Դիմումատուն չի կարող ներպետական ​​պաշտպանության միջոցները սպառելու նպատակով սկսել նոր ընթացակարգ։ ՄԻԵԴ-ը նշել է, որ «պահանջը» կարող է հանդիսանալ «գույք» թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, եթե այդ պահանջն իրագործելի է։ Դատարանը վերահաստատել է, որ Դիմումատուի` իր օգտին կայացված վճիռն իրագործելու անկարողությունը միջամտում է գույքի անարգել օգտագործման իրավունքին, ինչպես սահմանված է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին կետում:

Դատարանը որոշել է, որ տեղի իշխանությունների և պետական ​​մարմինների ռեսուրսների բացակայությունը, որոնց մասին փաստարկներում հիշատակել է պատասխանող Կառավարությունը, չի կարող արդարացնել նրանց դեմ վերջնական որոշմամբ բխող պարտավորությունները կատարելու անկարողությունը։

Ի վերջո, Դատարանը նշել է, որ մինչ օրս Դիմումատուն չի ստացել փոխհատուցման գումարը, որը, այնուամենայնիվ, որոշվել է վերաքննիչ դատարանի կողմից, և ոչ էլ վերականգնվել են անշարժ գույքի նկատմամբ նրա իրավունքները։ Այսպիսով, խախտվել է արդարացի հավասարակշռությունը հանրության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ պատասխանող Պետությունը պետք է անհապաղ սկսի վերականգնել անշարժ գույքի նկատմամբ Դիմումատուի սեփականության իրավունքը: Որպես այլընտրանքային միջոց, և եթե այդպիսի վերականգնում հնարավոր չէ, ապա Հունաստանը պետք է Դիմումատուին վճարի 620.020.30 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում: Դատարանի վճռով՝ Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար պետք է հատկացվի նաև 20.000 եվրո փոխհատուցում։

Մեկնաբանություններ