Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։
Նախքան նիստն սկսվելը վիճաբանություն տեղի ունեցավ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի և մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի միջև: Քանի որ ապակեպատ պատնեշից այս կողմ լսելիությունը ապահովված չէր, փորձեցինք վիճաբանության պատճառների մասին ճշտել Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանից, վերջինս մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ դատախազը մի քանի բան է ասել Արթուր Մովսիսյանի վերաբերյալ, թե ինչու են նրան դատապարտել. ‹‹Ներսեսը և Արթուրը ընկերներ են: Նա վրդովված էր, թե ինչու են իր ընկերոջը բռնել բերել և ոչ մի բանի համար դատել››,- ասաց նա:
Այսօրվա նիստն սկսվեց առանց Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպանների: Փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց նիստն ընդմիջել 20 րոպեով՝ մինչև պաշտպանները կգան, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց չընդմիջել և նիստը շարունակել առանց փաստաբանների՝ Տիգրան Հայրապետյանի և Տիգրան Եգորյանի:
Այնուհետև շարունակվեց ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը, վերջինս դատարանին հայտնեց, որ այլ ասելիք չունի: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ հարցաքննվել էին ամբաստանյալներ Հրայր Թոփչյանը և Հովհաննես Պետրոսյանը, վերջինիս հարցաքննությունը մնացել էր անավարտ, իսկ Ժիրայր Սեֆիլյանը և Սասունիկ Կիրակոսյանը հրաժարվել էին ցուցմունք տալուց:
Դատախազ Պետրոս Պետրոսյանի միջնորդության համաձայն հրապարակվեց Հովհաննես Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները, որից հետո կողմերն ուղղեցին իրենց հարցերը:
Պատասխանելով իրեն ուղղված հարցերին Հովհաննես Պետրոսյանը հայտնեց, որ իր համար հայրենիքը շատ կարևոր է, ինքն ընդունում է իր կատարածը և հանուն պետության պատրաստ է դատապարտվել:
‹‹Ես իմ խղճի թելադրանքով եմ շարժվում և ընտրել եմ իմ պաշտպանվելու տարբերակը: Ես որպես կալանավոր ունեմ հազար խնդիր, բայց, եթե իմ դատարանում հայտնվելը նպաստելու է պետության շահերին, ապա ես պատրաստ եմ: Ես գտնում եմ, որ սա լավագույն տարբերակն է, որն առաջադրվել է մեզ, եթե դուք դժգոք եք, ես գոհ եմ: Եթե հեռուստաաշտարակը պարզապես շինություն է, ապա զորամասը միայն շինություն չէ››,- իր խոսքում նշեց ամբաստանյալը:
Հովհաննես Պետրոսյանը դատարանին հայտնեց, որ ինքը քննչական մարմինների կողմից ֆիզիկական և հոգեբանական ճնշումների չի ենթարկվել: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ նրան հարցրեց՝ ‹‹Դուք գործակա՞լ եք››, ինչին ի պատասխան Հովհաննեսն ասաց. ‹‹Դուք այստեղ գործակալներ եք փնտրում, եթե ես գործակալ լինեի, ապա կձայանգրեի իմ և Սեֆիլկյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները››:
Ամբաստանյալ Ներսես Պողոսյանն էլ զայրացավ, քանի որ Հովհաննեսը իր նախաքննական ցուցմունքները տվել էր անճշտություններով, ինչի արդյունքում ինքն այս պահին կալանավորված է:
‹‹Եթե ես ուզենամ հեռուստաաշտարակ զավթեմ կզավթեմ: Զենքը կնգա նմանա, որ տվեցին՝ էլ հետ տալ չկա››,- ասաց Ներսես Պողոսյանը:
Նշենք, որ Հովհաննես Պետրոսյանը պաշտպանական կողմի հարցերին պատասխանելու ընթացքում հաճախ շեշտում էր, որ նախաքննական ցուցմունքում տված պատասխանը կամ վրիպակ է, կամ թյուրիմացություն է, կամ էլ առհասարակ հրաժարվում էր հարցերին պատասխանելուց:
Հովհաննես Պետրոսյանի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո դատախազ Պետրոս Պետրոսյանը հանդես եկավ ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանքի միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ: Հիշեցնենք, որ 2015թ. Դեկտեմբերի 31-ին Գևորգ Սաֆարյանը ոստիկանին հարվածելու համար դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, վերջինիս պատժի կրման ժակետը շոտով ավարտվելու է:
Դատախազի միջնորդությունը զայրացրեց ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձանց, վերջիններս վեր կացան նստած տեղից և սկսեցին բղավել, որ ոստիկաններն են հարբած եղել այդ օրը: Այդ ժամանակ դահլիճում էր գնվում նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչն ավելի զայրացրեց քաղաքացիներին և նրանք պահանջեցին, որ նա հեռանա նիստերի դահլիճից:
Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանն էլ խնդրեց դատարանին նիստը հետաձգել և ժամանակ տրամադրել միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու համար, սակայն դատավորը որոշեց 30 րոպեով ընդմիջել նիստը:
Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ լքեց նիստերի դահլիճը: Ընդմիջումից հետո պաշտպանական կողմը հայտնեց, որ ստեղծված վիճաբանության պատճառով իրենք չեն կարողացել լսել ներկայացված միջնորդությունը, իսկ դատարանն իրենց չի տրամադրել գրավոր տարբերակը, հետևաբար միջնորդությանը չպետք է քննվի:
Աբաստանյալ Գևորգ Սաֆարյանն էլ՝ չնայած դատավորի հորդորներին, հրաժարվեց մասնակցել դատական նիստին և լքեց նիստերի դահլիճը, քանի որ իր պաշտպանը ներկա չէր. ‹‹Լքում եմ նիստերի դահլիճը՝ համոզված լինելով, որ դատավորը բավարարելու է միջնորդությունը››:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց Սաֆարյանի նկատմամբ՝ 4 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ հայտնեց, որ սա քաղաքական դրդապատճառներով, քաղաքական հաշվեհարդարի ձև է Գևորգ Սաֆարյանի նկատմամբ:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց սանկցիա կիրառել նաև փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումն ուղարկելով Փաստաբանների պալատ, իսկ դատախազի ներկայացված միջնորդությունը բավարարել՝ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելով կալանավորմամբ:
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 15-ին: