Իբրահիմ Իբրահիմովը և ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի 

Գործը վերաբերում է երեք Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ Ռուսաստանի հակածայրահեղական օրենսդրությանը և իսլամական գրքերի հրատարակումը և տարածումը արգելելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։

Դիմումատուներն են՝ Իբրահիմ Իբրահիմովը, «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամը և Կրասնոյարսկի շրջանի «Մահմեդականների Միացյալ կրոնական խորհուրդ» միավորումը։ Առաջին Դիմումատուն՝ Իբրահիմ Իբրահիմովը, ազգությամբ ռուս է և հանդիսանում է Ռուսաստանում հիմնված «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամ հրատարակչական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն։

2007 թվականին և 2010 թվականին Ռուսաստանի ներպետական դատական ատյանները որոշել են ծայրահեղական ճանաչել Թուրքիայում լայն ճանաչում վայելող մուսուլման աստվածաբան և Ղուրանի մեկնաբան Սաիդ Նուրսիի հեղինակային գրքերը։ Այնուհետև, ներպետական դատական ատյաններն արգելել են Ռուսաստանում հրատարակել և տարածել Սաիդ Նուրսիի գրքերը։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուները զբաղվել են Սաիդ Նուրսիի հեղինակային գրքերի հրատարակչությամբ։ Այսպիսով, նրանք նույնպես հանդիսացել են սույն գործով դատավարության կողմեր։

Հիմք ընդունելով «Էքստրեմիստական գործունեությանը հակազդման» և «Ահաբեկչության հակազդման» մասին դաշնային օրենքները՝ Ռուսաստանի ներպետական դատական ատյանները որոշել են, որ Սաիդ Նուրսիի էքստրեմիստական ճանաչված գրքերը կրոնական անհամաձայնություններ են առաջացրել և մուսուլմանների կրոնական դավանանքի գերակայությունը քարոզող գրականություն են տարածել։

Գործի շրջանակներում Դիմումատուները մի շարք փաստարկներ են ներկայացրել Դատարան՝ հիմնավորելով, որ «Նուրու Բադի» կրթամշակութային հիմնադրամի կողմից հրատարակված գրքերի շարադրանքը համապատասխանում է «չափավոր իսլամի» նորմերին։ Այնուամենայնիվ, ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուների ներկայացրած բոլոր բողոքները և փաստարկները։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են հրատարակչական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու, իսլամական գրքերի հրատարակումն արգելելու և Դիմումատու կազմակերպության կողմից հրատարակված գրքերն էքստրեմիստական ճանաչելու որոշման մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միացնել երեք Դիմումատուների բողոքները և արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատու Իբրահիմ Իբրահիմովին վճարել 7․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։