Ստացվել է 151 ահազանգ, իրականացվել է առանձնազրույց շուրջ 200 անձի հետ, վերացվել է փաստաբանի աշխատանքի խոչընդոտման 9 դեպք

Ապրիլի 22-ին՝ վաղ առավոտից, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում:

Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների, Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների իրավունքներին առնչվող 151 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի, Նոր Նորքի, Գյումրու և Կապանի բաժիններ, ինչպես նաև Ձերբակալված անձանց պահելու վայր: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 200 անձի հետ, որոնցից 10 եղել են անչափահասներ:

Ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի, Քանաքեռ-Զեյթունի բաժիններ նույն օրվա ընթացքում կատարվել է երեք այց: Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաև աշխատակազմը մշտական կապի մեջ են փաստաբանների ու իրավապաշտպանների, իրավասու պետական մարմինների հետ:

Այցերն իրականացվել են Մարդու իրավունքների պաշտպանի և  աշխատանքային 10 խմբի կողմից: Յուրաքանչյուր այցից առաջ առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ դրանից հետո տեղի են ունեցել արդյունքների ամփոփում:

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, հավաքի կամ երթի մասնակցին բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողների չներկայանալու, սահմանված ժամից ավելի պահելու դեպքեր, որոնք անհապաղ կանխելու ուղղությամբ հենց տեղում ձեռնարկվել են միջոցներ:

9 դեպքում կանխվել կամ վերացվել են Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքի խոչընդոտելու դեպքեր: Մի քանի դեպքում միջոցներ են ձեռնարկվել շտապ բժշկական օգնության անձնակազմերի անխոչընդոտ մուտքը Ոստիկանության բաժիններ ապահովելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

Մեկնաբանություններ