Այսօր Սահմանադրական դատարանը քննեց պաշտպանի պարտադիր մասնակցության, պաշտպան հրավիրելու, նշանակելու, փոխարինելու, պաշտպանից հրաժարվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցը։
Այս մասին գրում է Փաստինֆո կայքը։
Համաձայն վերոնշյալ կայքի հրապարակման՝ ՍԴ-ն գտավ, որ ամբաստանյալը պետք է նախապես տեղեկացված լինի դատական նիստի դահլիճից հեռացվելու դեպքում պաշտպանի հեռանալու հետևանքների մասին, քանի որ իրավաբանական օգնությունը միացյալ ազդեցություն կարող է ունենալ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը երաշխավորելու գործընթացում:
ՍԴ-ն գտավ նաև, որ պաշտպանից հրաժարվելը պետք է լինի կամավոր և գիտակցված, իսկ անձը պետք է նախապես տեղեկացվի հրաժարման հետևանքների մասին:
Եթե նշանակվում է հանրային պաշտպան, սակայն հետագայում ամբաստանյալը ցանկություն է հայտնում ունենալ իր կողմից ընտրված պաշտպան, ապա հանրային պաշտպանի լիազորությունները արդարադատության շահից ելնելով կարող է դատարանի կողմից պահպանվել, ինչը չի կարող արգելք հանդիսանալ ամբաստանյալի կողմից ընտրված պաշտպանի մասնակցության համար, նշվում է ՍԴ որոշման մեջ:
Սահմանադրական դատարանն այսպիսով որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի՝ Պաշտպանի պարտադիր մասնակցությունը, 5-րդ մասի, 70-րդ հոդվածի՝ Պաշտպան հրավիրելը, նշանակելը, փոխարինելը և վարույթին` նրա մասնակցելու այլ հիմքերը, 1-ին մասի 2-րդ կետի, 72-րդ հոդվածի՝ Պաշտպանից հրաժարվելը, 2-րդ մասի (երրորդ նախադասության) դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել էր, որ հակադրվում են մի կողմից մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ դատարանի՝ արդյունավետ իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու (որպես արդար դատական քննության ընդհանուր իրավունքի բաղկացուցիչ մաս) պարտականությունը, որի շրջանակներում դատարանը երբեմն կարող է կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը։ Իր հերթին, այս երկուսը հակադրվում են պաշտպանությունը ստանձնելիս մեղադրյալի համաձայնությունը հստակորեն ստանալու դատավարական երաշխիքին։
Ըստ ՓՊ խորհրդի, դատավարական օրենսգիրքը չի սահմանում, թե ո՞ր գերակա շահի կամ իրավունքի առկայության դեպքում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը ստորադասել պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու դատարանի պարտականությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ դա արդարադատության գերակա շահն է, ըստ որի թեև, որպես ընդհանուր կանոն, մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը պետք է հարգել, սակայն ընտրություն կատարելու այդ իրավունքը դատարանի կողմից կարող է անտեսվել կամ ստորադասվել, եթե դրա համար առկա են վերաբերելի և բավարար հիմքեր՝ պայմանավորված արդարադատության գերակա շահով:
Հետևաբար, քրեադատավարական օրենսգիրքը պետք է հստակորեն սահմանի «արդարադատության գերակա շահ» սկզբունքը, ինչպես նաև չափանիշներ ու գուցե նաև չափորոշիչներ, որոնց օգնությամբ դատավորը հնարավորություն կունենա որոշել, թե արդյոք առկա են «վերաբերելի» ու «բավարար» հիմքերը, որպեսզի հաստատված համարվի արդարադատության գերակա շահի առկայությունը:
Քանի դեռ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքից շեղվելու, նահանջելու նյութաիրավական և ընթացակարգային հիմքերը, կշարունակվի պահպանել իրավական անորոշություն քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության հարցում, երկու մրցակցող ինստիտուտների՝ պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնական իրավունքի միջև։