Դիմումատուները՝ Մուրատ Ջանշադը, Օրհան Բինգյոլը և Աբիդին Դողանը ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1974, 1973 և 1972 թվականներին։ Գործը վերաբերում է Դիմումատուների դեմ հարուցված քրեական դատավարությանը՝ հանրահավաքի ժամանակ «Մոլոտովի կոկտեյլ» (հրավառ խառնուրդով շիշ) նետելու պատճառով։ 1995 թվականի մայիսին Ստամբուլում տեղի է ունեցել հանրահավաք, որի ժամանակ 15 հոգուց կազմված մի խումբ կարգախոսներ է հնչեցրել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) օգտին։ Խումբը «Մոլոտովի կոկտեյլներ» է նետել խանութների վրա, ինչի արդյունքում կրակ է բռնկվել, և 3 դեռահաս աղջիկներ մահացել են։ 2002 թվականի փետրվարին բոլոր 3 Դիմումատուները մեղավոր ճանաչվեցին նրանց դեմ հարուցված մեղադրանքների համար և դատապարտվեցին մահապատժի, որից հետո նրանց հանդեպ մեղմացրեցին պատիժը և ցմահ ազատազրկման դատապարտեցին։ 2004 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը վերջնականապես մերժեց նրանց բողոքարկումները։
Դիմումատուներն իրենց հայցի մեջ նշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի (արդար դատաքննության և իրավական օգնության իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են իրենց դատավարության արդարացիության մասին, քանի որ ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ժամանակ իրենք չեն օգտվել փաստաբանի աջակցությունից, և Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելու ժամանակ օգտագործել է այն վկայությունները, որոնք Դիմումատուները տվել են փաստաբանի բացակայության պայմաններում։
Դիմումատուները նաև բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում, քանի որ քրեական դատավարությունը (ավելի քան 9 տարի և ավելի քան 8 տարի Ջանշադի և Բինգյոլի դեմ) չափազանց երկարաժամկետ էր, և չկար գործող իրավական պաշտպանության միջոց այն վիճարկելու համար։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում։ Դատարանը որոշել է Աբիդին Դողանին առնչվող հայցը ցուցակից հանել։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի և դատավարության երկար ժամկետի հատուցման համար վճարել 5.500 եվրո Ջանշադին, 4.400 եվրո Բինգյոլին և 2.000 եվրո 2 Դիմումատուներին միասին՝ դատական ծախսերի համար։