Ուղիղ 27 տարի առաջ Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ պետություն

1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարն է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ էության, ՀՀ առաջին արտգործնախարարն է հանդիսացել:
1992 թվականի դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր: ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։
Նշենք, որ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: ՄԱԿ-ը ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193:
Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևելը։

Մեկնաբանություններ