«Միանգամից իմ պաշտպանյալի դատավճիռը տվեք, մենք գնանք». Սեֆիլյանի և մյուսների գործով նիստի ժամանակ 3 վկա հարցաքննվեցին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Նիստի սկզբում դատավորը սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց ամբաստանյալներ Հ. Պետրոսյանի, Գ.Գրիգորյանի և Ն. Պողոսյանի նկատմամբ, քանի որ ոտքի չէին կանգնել նիստի քարտուղարի՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս» արտահայտության ժամանակ:

Այս նիստում շարունակվեց գործից անջատված մասով մեղադրյալ Սմբատ Գալոյանի հարցաքննությունը: Հիշեցնենք՝ նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալը պատմեց, որ 2015թ ճանաչվել է 5-րդ գումարտակի լավագույն դիպուկահար, արժանացել է գովասանքի: Հովհաննես Պետրոսյանն իր հորաքրոջ որդին է, նրա միջոցով է ծանոթացել Գալուստ Գրիգորյանի և Ներսես Պողոսյանի հետ: Սեֆիլյանի ծրագրին ծանոթացել է, ապա իմանալով, որ պետք է գրոհեն հեռուստաաշտարակի, Ազգային ժողովի և Սովետաշենի զորամասի վրա, ինքն ու Հովհաննեսը հրաժարվել են և հանձնել զենքները:

Եթե նախորդ նիստին Գալոյանը պատրաստակամությամբ պատասխանում էր բոլոր հարցերին, ապա այսօր պատկերն այլ էր. վերջինս կտրականապես հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին:

Ժիրայր Սեֆիլյանի համար նշանակված հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին այն մասին, որ նիստերի դահլիճ հրավիրվի ամբաստանյալ Սեֆիլյանը և անձամբ իր հարցերն ուղղի Գալոյանին: Դատավոր Գրիգորյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին մեղադրյալը ենթարկվել է դատական սանկցիա 4 ժամով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, ուստի միջնորդությունը անհիմն համարեց:

Դատական դահլիճ հրավիրվեց հաջորդ վկան՝ լիբանանահայ Վիգեն Կանաշյանը: Ըստ վկայի ցուցմունքի, ինքն օնլայն է անդամագրվել «Հիմնադիր խորհրդարան»-ին և անձամբ չի ճանաչում գործով մեղադրյալներին:

«2013թ հունվարին մշտական բնակություն եմ հաստատել հայրենիքում: Քանի որ ոչ ոքի չէի ճանաչում և այստեղ ընկերներ չունեի, որոշեցի անդամագրվել «Հիմնադիր խորհրդարան»-ին: Միայն մեկ հանդիպում եմ ունեցել կառույցի անդամներից մի քանիսի հետ Գյումրիում, երբ ինձ հրավիրել էին ուղղակի ծանոթանալու: Դրանից հետո մեկ անգամ ինձ զանգել և հրավիրել են Ազատության հրապարակ ժողովի, որը ես մերժել եմ և պահանջել, որ այսուհետև ինձ չզանգահարեն և չանհանգստացնեն: Այդքանով մեր կապն ավարտվել է»:

Դատախազի այն հարցին, թե արդյո՞ք ճանաչել է Ժիրայր Սեֆիլյանին և ծանոթ եղել նրա մտադրություններին, վկան պատասխանեց, որ Լիբանանում է լսել հայրենակցի մասին. «Այնտեղ նա հերոս է, Արցախյան հերոս»:

Դատախազը միջնորդություն ներկայացրեց դատավորին այն մասին, որ վկա Կանաշյանի ցուցմունքը հակասում է նախաքննական ցուցմունքի, ուստի խնդրում էր հրապարակել այն: Դատավորը բավարարեց միջնորդությունը և նախաքննական ցուցմունքը հրապարակվեց:

Մի քանի իրարամերժ դիտարկումներ և փաստեր առաջ եկան այսօրվա և նախաքննական ցուցմունքների շուրջ, որին վկան պատասխանեց, որ հիմք ընդունեն նախաքննական ցուցմունքը.

«Նախաքննականի ժամանակ ամեն ինչ հիշում էի և ճիշտ եմ գրել, այսօր մանրամասներն այդքան էլ չի տպավորվել, դրա համար խնդրում եմ վստահել իմ առաջին ցուցմունքին»:

Այդ ժամանակ նիստերի դահլիճում գտնվող ամբաստանյալ Ներսես Պողոսյանը բորբոքված վկային հարցրեց, թե գիտի՞ արդյոք «արծարծել» բառի բացատրությունը: Վկան մի պահ շփոթվեց, ապա կցկտուր պատասխանեց.

 «Քննարկե՞լ: Ուղղակի ես այդքան էլ լավ չեմ տիրապետում արևելահայրենին, կարող է բառերը շփոթեմ»:

Ամբաստանյալ Պողոսյանին այս փաստն ավելի բորբոքեց.

«Ինքը չի գրել ցուցմունքը, գրել են տվել»:

Վկայի հետ հարցաքննությունն ավարտվեց, դատավորն ընդմիջում հայտարարեց, որի ավարտից հետո դատավոր Գրիգորյանը կրկին նախազգուշացում կիրառեց ամբաստանյալ Հ. Պետրոսյանի, Գ.Գրիգորյանի և Ն. Պողոսյանի նկատմամբ, դատավորի ներս մտնելու ժամանակ ոտքի չկանգնելու համար:

Դատական դահլիճ հրավիրվեց հաջորդ վկան՝ Սահակ Սահակյանը: Վերջինս դատարանին ներկայացրեց, որ Հովհաննես Պետրոսյանի ընկերն է, նրան է տվել իր ավտոտնակի բանալին:

«Եկավ ասեց, որ պետք ա վեշ դնի գառաժումս, ես էլ տվեցի ու գնացի: Ինչ-որ ցելաֆոնով փաթաթած բան էր, մի քանի օր ա մնացել»:
Կողմերը հարցեր ուղղեցին վկային, որից հետո Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որ հրապարակեն վկա Սահակյանի նախաքննական ցուցմունքը: Պաշտպանի խոսքերով նախաքննական ցուցմունքի հետ որոշակի հակասություններ կան:
Դատախազն առարկություն ներկայացրեց միջնորդության դեմ, դատավոր Գրիգորյանն ընդունեց առարկությունը և անհիմն համարելով ներկայացված միջնորդությունը չբավարարեց այն:

«Միանգամից իմ պաշտպանյալի դատավճիռը տվեք, մենք գնանք: Առաջին վկայի ցուցմունքից էլ ամեն ինչ պարզ էր արդեն»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Մյուս վկաների դատարան չներկայանալու պատճառով նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ սույն գործով վկա է 14 անձ:

Քրեական գործի վարույթը կշարունակվի սեպտեմբերի 29-ին:

Նիստի ավարտից հետո խոսեցինք պաշտպան Պապիկյանի հետ: Ինչպես նշեց վերջինս, ինքը և իր պաշտպանյալ Պողոսյանը վստահ են, որ վկաներն իրենք չեն գրել նախաքննական ցուցմունքները:

«Դատարանում վկաների խոսելաոճը, դատողություններն ու բառապաշարն ամենևին չեն համապատասխանում այն, ինչ արձանագրել էր քննիչը: Վիգեն Կանաշյանի ցուցմունքը գրված էր պարզ արևելահայերենով, իրավական տերմիններով, ինչին ուղղակի չէր կարող տիրապետել մեկ տարի Հայաստանում ապրած մարդը: Ակնհայտ է, որ դա բացարձակ շինծու ցուցմունք է եղել: Դատարանն արեց ամեն ինչ, որ իմ պաշտպանյալ Պողոսյանը չկարողանա իր հարցերն ուղղել վկա Սահակյանին: Նա ակնհայտորեն խուսափում էր իմ հարցերից և չէր պատասխանում, այնինչ դատախազներին և պաշտպաններին հստակ պատասխանում էր: Այդ վկան իր նախաքննական ցուցմունքի մեջ գրել էր «Ներսիկ Պողոսյան…», «Գալուստ Գևորգյան…», այստեղ պարզ է դառնում, որ չի ճանաչել նրանց, քանի որ ակնհայտորեն սխալ էր ասում անգամ նրանց անուն-ազգանունները: Կոնկրետ հրաման կա, որ դահլիճում գտնվող մարդկանց ենթարկեն պատասխանատվության»,- իր խոսքում նշեց Ա. Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի