Նոր նշանակումներ դատական համակարգում՝ ՀՀ նախագահի հրամանագիրը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր որոշում է ընդունել դատական համակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Որոշման մեջ ասվում է՝

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 2-ի ԱԽ-4-Ե-4 և ԱԽ-4-Ե-5 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Սերգեյ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:

2. Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի՝ քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ և 4-րդ կետերը»:

Մեկնաբանություններ