Դիմումատուն՝ Իվանա Մոհամեդ Հասանը, Իրաքի քաղաքացի է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Նորվեգիայում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր երկու դուստրերի նկատմամբ իրեն ծնողական իրավունքներից զրկելու և իր կամքին հակառակ երեխաներին որդեգրման հանձնելու որոշման վերաբերյալ։
2006 թվականին Դիմումատուն ամուսնացել է Իրաքում ծնված և 1999 թվականին Նորվեգիա տեղափոխված մի մարդու հետ և նույն թվականին տեղափոխվել է Նորվեգիա` մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Դիմումատուի երկու դուստրերը ծնվել են համապատասխանաբար 2008 և 2010 թվականներին։ 2009 թվականին և մի քանի տարի շարունակ Դիմումատուն բազմիցս դիմել է երեխաների իրավունքների պաշտպանության և սոցիալական ապահովման հանձնաժողովին՝ իր ամուսնու կողմից ֆիզիկական բռնության զոհ դառնալու պատճառով։ Նորվեգիայի իշխանությունները Դիմումատուին և նրա առաջին դստերը որոշ ժամանակ պահել են Նորվեգիայի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնում և մի քանի որոշումներ են կայացրել Դիմումատուի ընտանիքի վերաբերյալ՝ ներառյալ Դիմումատուի ամուսնու իրավունքների սահմանափակումը կնոջ և դստեր նկատմամբ։
2011 թվականի հունիսին Դիմումատուի դուստրերին նրանց հոր հետ հանդիպման ժամանակ առևանգել են դիմակավորված մարդիկ։ Հարձակման հետևանքով Դիմումատուի ամուսինը վնասվածքներ է ստացել։ Շուտով երեխաներին գտել են մի լքված բնակարանում, իսկ Դիմումատուի ամուսինը խոստովանել է, որ անձամբ է կազմակերպել իր երեխաների առևանգումը։ Նույն թվականին Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինը հրաման է արձակել՝ Դիմումատուին և նրա ամուսնուն ծնողական իրավունքներից զրկելու և նրանց երկու երեխաներին տարբեր ընտանիքներ որդեգրման հանձնելու որոշման մասին։ Իշխանությունները որոշել են խնամատար ընտանիքների մասին տեղեկությունը գաղտնի պահել և ամբողջովին ընդհատել ծնողների հետ երեխաների հաղորդակցությունը։ Դիմումատուն բողոքել է վերոնշյալ որոշման դեմ, սակայն ապարդյուն։
2014 թվականի սեպտեմբերին Նորվեգիայի գերագույն դատարանը հաստատել է Դիմումատուի երկու դուստրերին տարբեր խնամատար ընտանիքներ դաստիարակության հանձնելու մասին որոշումը՝ ելնելով երեխաների լավագույն շահերից։ Դիմումատուին և իր ամուսնուն չեն թույլատրել բողոքարկել դատարանի կայացրած որոշումը, քանի որ Նորվեգիայի իշխանությունների համոզմամբ՝ Դիմումատուն ի վիճակի չէ ապահովել իր երեխաների անվտանգությունը, պաշտպանել նրանց և կանխել իր ամուսնու կողմից դարձյալ ֆիզիկական բռնության ենթարկվելու վտանգը։ Դատարանը հաշվի է առել նաև այն փաստը, որ օրենքը չի թույլատրում ծնողական իրավունքների վերականգնում, եթե երեխան արդեն որդեգրված է։ Բացի այդ, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության վրա:
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում՝ իր երկու երեխաների նկատմամբ իրեն ծնողական իրավունքներից զրկելու և նրանց որդեգրման հանձնելու հրաման արձակելու վերաբերյալ։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։