ՄԻՊ-ը քննարկել է ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հերթական ոլորտային հանրային քննարկումը: Այն առնչվում էր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների և տնտեսական իրավունքների պաշտպանության ոլորտներին: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և պետական ու մասնավոր հատվածը ներկայացնող շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը նշել է, որ հանրային քննարկումների շրջանակում նախատեսված են նաև մարզային այցեր՝ նպատակ ունենալով առավել լայն ներգրավվածություն ապահովել Ռազմավարության մշակման գործընթացում: Փոխնախարարը հիշեցրել է, որ Ռազմավարության մշակումը բխում է Կառավարության ծրագրից և արտահայտում է ՄԻՊ ոլորտում համապարփակ քաղաքականության մշակման և իրականացման Կառավարության հանձնառությունը: Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը բաց է թե՛ www.e-draft.am հարթակի, և թե՛ նման քննարկումների միջոցով ստանալ քաղհասարակության առաջարկները, քննարկել դրանք և, անհրաժեշտության դեպքում, ներառել Ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծում:

Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ամփոփել ստացված առաջարկությունները և այն ներկայացնել Կառավարության հաստատմանը:

Հաջորդիվ, քննարկման մասնակիցներն անդրադարձել են Ռազմավարության նախագծով նախատեսված մի շարք կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերին:

Մեկնաբանություններ