Ուլեմեկն ընդդեմ Խորվաթիայի

Դիմումատուն՝ Դուշան Ուլեմեկը, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1982 թվականին։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ երկու տարբեր կալանավայրերում իր կալանքի վատ պայմաններին և ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությանը։

2010 թվականի մարտին Ուլեմեկը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման՝ կողոպուտի իրականացմանն օժանդակելու և խարդախության դրդելու համար: 2011 թվականի մայիսից հունիս ամսվա ընթացքում 27 օր Դիմումատուն կրել է պատիժը Զագրեբ քաղաքի կալանավայրում, իսկ պատժի մնացած ժամկետը՝ Գլինա քաղաքի կալանավայրում։ 2012 թվականի սեպտեմբերին Դիմումատուն պայմանական վաղաժամկետ ազատվել է։ Դեռևս պատիժը կրելու ժամանակ, Դիմումատուն բողոքել է կալանավայրի վատ պայմանների մասին։ Ի թիվս այլ բաների, Դիմումատուն բողոքել է բանտի գերբնակեցման, աշխատակիցների գործունեության վատ կազմակերպման, այլ բանտարկյալների կողմից հետապնդվելու և խոշտանգումների ենթարկվելու, ինչպես նաև իրեն մեկուսարանում պահելու մասին։ Սկզբում նա բողոք է ներկայացրել կալանավայրի տեսուչին։ Վերջինիս կողմից բողոքը մերժվելուց հետո, Դիմումատուն կալանավայրի վատ պայմանների մասին բողոք է ներկայացրել դատարան: Սակայն բողոքը մերժվել է։ Կալանավայրից ազատվելուց հետո Ուլեմեկը շարունակել է բողոքել երկու կալանավայրերի վատ պայմանների մասին և բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել։ Առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը։ Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև Վերաքննիչ և Սահմանադրական դատարան, սակայն, ապարդյուն։ 

2016 թվականին Ուլեմեկը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ և Զագրեբ քաղաքի, և Գլինա քաղաքի կալանավայրերում իրեն պահել են վատ պայմաններում, մասնավորապես՝ կալանավայրի յուրաքանչյուր խցում պահել են մոտ 8-10 բանտարկյալներ, վերջիններիս միշտ մատուցել են վատ սնունդ, կալանավայրը շատ աղտոտ է եղել, բանտարկյալներին չեն տրամադրել համապատասխան բուժօգնություն (Ուլեմեկը մի քանի ամիս շարունակ չի կարողացել այցելել բանտի ատամնաբույժին և տառապել է ատամի ցավից) և գերբնակեցման պատճառով սահմանափակել են կալանավայրի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Բացի այդ, սահմանափակված է եղել նաև այցելություններ իրականացնելու և հեռախոսազանգ կատարելու Դիմումատուի իրավունքը։ 

Գործի քննության շրջանակներում Դիմումատուն և Կառավարության ներկայացուցիչը դիրքորոշումներ են հայտնել։ Կառավարությունը պնդել է, որ Դիմումատուին տեղափոխել են Զագրեբ քաղաքի բանտ շատ կարճ ժամկետով, քանի որ հետո նրան պետք է տեղափոխեին Գլինա քաղաքի կալանավայր։ ՈՒստի, Դիմումատուն տեղյակ է եղել դրա մասին և 27 օրվա մեջ նրան չէր կարող վնաս հասցվել կալանավայրի վատ պայմանների հետևանքով։ Ինչ վերաբերում է Գլինա նահանգի բանտին, ապա Կառավարությունը պնդել է, որ այն Խորվաթիայի լավագույն բանտերից մեկն է: Այնտեղ պատիժը կրելու ժաանակ Դիմումատուի տրամադրության տակ է գտնվել բոլորովին նոր վերանորոգված և լավ պայմաններով խցիկ: Միակ ժամանակահատվածը, որի ընթացքում նրա տարածքը փոքր է եղել, դա կալանքի վերջին ութ օրն է եղել: Այնուամենայնիվ, նա այդ ժամանակահատվածն անցկացրել է բանտից ազատվելուն պատրաստվող բանտարկյալների համար նախատեսված հատուկ խցում: Բացի այդ, բանտարկյալները ցանկացած ժամի խցից դուրս գալու հնարավորություն են ունեցել։ Ինչ վերաբերում է Դիմումատուին մյուս բանտարկյալներից մեկուսացնելու ժամանակահատվածին, Կառավարությունը նշել է, որ նման որոշում կայացվել է Դիմումատուի սեփական դիմումի հիման վրա՝ երկու այլ բանտարկյալների կողմից ենթադրյալ բռնությունից խուսափելու պատճառով: Կառավարությունը նաև նշել է, որ Դիմումատուին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Մասնավորապես, նա ատամնաբույժին առաջին անգամ այցելել է Գլինա նահանգի բանտ տեղափոխվելուց չորս ամիս անց, և ընդհանուր առմամբ ինը անգամ բուժում է տացել ատամնաբույժի մոտ։

ՄԻԵԴ-ը պարզել է, որ Զագրեբ քաղաքի կալանավայրում Դիմումատուի կալանքի պայմանները չեն համապատասխանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ը պարզել է, որ Գլինա քաղաքի կալանավայրում Դիմումատուն հաճախ այցելություններ է ունեցել, բացի այդ, նա ամուսնացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ։ Սա, հետևաբար, հակասում է և կասկածի տակ է առնում նրա պնդումների հավաստիությունը՝ կապված իր ենթադրյալ սահմանափակումների հետ։ Չնայած կարելի է ընդունել, որ Դիմումատուն որոշակի նեղություն է կրել, մինչ ստոմատոլոգիական բուժումը, ՄԻԵԴ-ը չի համարում, որ դա հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման։ Բացի այդ, իրավապահ մարմինները Դիմումատուին պաշտպանելու միտումով նրան տեղափոխել են մեկուսարան, և չկա որևէ ապացույց այն մասին, որ Դիմումատուն ենթարկվել է խոշտանգումների։ Չի գրանցվել նաև որևէ առողջական խնդիր կամ անբարենպաստ հետևանք՝ կապված Գլինա քաղաքում Դիմումատու Ուլեմեկի կալանքի վատ պայմանների հետ:Հաշվի առնելով սույն գործով Դիմումատուի և պատասխանող Պետության դիրքորոշումները, ներկայացված փաստարկները և ապացույցները, ՄԻԵԴ-ը վճռել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում Խորվաթիայի միայն Զագրեբ քաղաքի կալանավայրի վատ պայմանների մասին բողոքի մասով։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Խորվաթիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 1․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․890 եվրո՝ դատական ծախսերի համար։