ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 1200 եվրո փոխհատուցում

Դիմումատուն՝ Կարինե Համբարձումյանը, ծնվել է 1956 թվականին, կալանավորումից առաջ ապրել է Երևանում: Բողոքը ներկայացնելու պահին նա կրել է ազատազրկման պատիժը Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ Դատարանի օրինական կարգադրության բացակայությամբ իր դեմ քրեական հետապնդում հարուցելու որոշմանը։

Համապատասխան ժամանակահատվածում Կարինե Համբարձումյանն աշխատել է որպես «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասի պետ։ Դատապարտյալներից մեկը հայտնել է, որ Համբարձումյանը ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի կաշառք նույն հիմնարկի դատապարտյալներից մեկից, մասնավորապես՝ պահանջել է 23 հազար 800 դոլար կաշառք՝ կալանքից վաղաժամկետ ազատելու համար: Իշխանությունները դիմում են ներկայացրել և Դատարանից կարգադրություն են ստացել՝ Կարինե Համբարձումյանի նկատմամբ գաղտնի վերահսկողություն իրականացնելու համար։ Նրանք դատապարտյալին տրամադրել են ձայնագրող սարքավորումներ, որոնք վերջինս պետք է օգտագործեր Համբարձումյանի հետ հանդիպման ընթացքում, գաղտնալսել են նրանց հեռախոսային խոսակցությունները և տեսանկարահանել են կաշառքի հանձնումը։

2010 թվականին Կարինե Համբարձումյանը ձերբակալվել է Չարենցի փողոցում` գումարը ստանալու պահին: Երբ Համբարձումյանին հայտնի է դարձել գաղտնի լսումների և հետապնդման մասին, նրան թույլատրվել է ծանոթանալ գործի նյութերին։ Կարինե Համբարձումյանը պահանջել է գործից հանել գաղտնի հետապնդման ժամանակ արված բոլոր հեռախոսազանգերը և տեսանյութերը՝ պնդելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին կարգադրությունը չի եղել հիմնավոր և օրինական։ Բացի այդ, Համբարձումյանը նշել է, որ կարգադրությունում չի հիշատակվել իր անունը։

Գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Կարինե Համբարձումյանը պայմանավորվածություն է ձեռք բերել քրեակատարողական հիմնարկի՝ իր ղեկավարած տեղամասի դատապարտյալ Արևհատ Սարգսյանի հետ՝ նրան 2008թ. հոկտեմբերին ՔԿՀ-ից կարճաժամկետ մեկնում տրամադրելու հարցում: Այն է՝ Արեւհատ Սարգսյանին դրական բնութագրելու, իր պաշտոնեական լիազորությունների սահմաններում խոչընդոտներ չառաջացնելու, նրա օգտին գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և նույն ամսին Արևհատ Սարգսյանի քույր Անահիտ Սարգսյանից «Աբովյան» ՔԿՀ-ում Կ. Համբարձումյանն անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008թ. դեկտեմբեր ամսին՝ 1500 ԱՄՆ դոլար կաշառք:

Այնուհետև, 2009թ. պատժի հետագա կրման համար Արևհատ Սարգսյանին բաց տիպի ՔԿՀ ռեժիմի տեղափոխելու միջնորդությունը քրեակատարողական վարչության համապատասխան հանձնաժողովին ուղարկելու գործընթացին նպաստելու, խոչընդոտներ չառաջացնելու, նրա օգտին այլ գործողություններ կատարելուն նպաստելու դիմաց Կարինե Համբարձումյանը նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 7500 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումար չունենալու պատճառով Արևհատ Սարգսյանը չի կարողացել պայմանավորված օրը տալ իրենից պահանջված 7500 ԱՄՆ դոլարը՝ խոստանալով այն տալ հնարավորինս սեղմ ժամկետներում: Արդյունքում՝ Կարինե Համբարձումյանը, օգտագործելով այս հանգամանքը, Արևհատ Սարգսյանից արդեն խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, իր մտերիմներից որոշակի տոկոսադրույքներով գումարներ վերցնելու պատճառաբանությամբ, պահանջված կաշառքից բացի այլ գումարներ հափշտակելու նպատակով, ենթադրյալ անձանց տոկոսներ վճարելը Արևհատ Սարգսյանի կողմից ուշացնելու պատրվակով, նրանից պահանջել և ստացել է ևս 13 300 ԱՄՆ դոլար՝ իբրև վերոհիշյալ 7500 ԱՄՆ դոլար գումարի տոկոսներ: Բացի այդ, Կարինե Համբարձումյանը դատապարտյալ Արևհատ Սարգսյանին պատժի հետագա կրումից ազատելու համար փորձել է նպաստել կաշառք տվողի՝ Արևհատ Սարգսյանի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն՝ Արևհատ Սարգսյանից պահանջելով և ստանալով 3000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն 2010թ. փոտրվարի 4-ին Երևանի Չարենցի փողոցում այդ 3000 ԱՄՆ դոլարը և վերոհիշյալ 20 800 ԱՄՆ դոլարն ստանալու պահին բռնվել և բերման է ենթարկվել:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Կարինե Համբարձումյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 34-313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Համբարձումյանը դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով՝ 8 մլն դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ:

Կարինե Համբարձումյանը բողոքարկել է դատարանի վճիռը, սակայն 2011 թվականի մարտին բողոքը մերժվել է։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի և 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դիմումատուն բողոքել է իրեն գաղտնի հետապնդելու և դրա արդյունքում իր դեմ քրեական գործ հարուցելու որոշման մասին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Կարինե Համբարձումյանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միայն 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար վճարել 1.200 եվրո:

Մեկնաբանություններ