«Մակեյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը հայցը չի բավարարել

Դիմումատուները՝ Պետրոս Մակեյանը, Շոտա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1954, 1947 և 1966 թվականներին։ Առաջին Դիմումատուն ապրում է Երևանում, իսկ երկրորդը և երրորդը՝ Գյումրիում։ Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար Դիմումատուների դատապարտմանը։ Այդ ընտրությունների ընթացքում Դիմումատուները ներգրավված են եղել ընդդիմության հիմնական թեկնածուի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավում։

Նախաքննության արդյունքում պարզվել է, որ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը, նախնական համաձայնության գալով նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գյումրիի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող Մուրադ Գրիգորյանի, վստահված անձ Շոթա Սաղաթելյանի և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ, փետրվարի 19-ին ժամանել է նշված ընտրատեղամաս: Քվեարկության սրահ են մտել տվյալ ընտրատեղամասում ընտրողների ցուցակում չընդգրկված, ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող Զաքարյանը և Գրիգորյանը, ովքեր, ըստ դատախազության, միջամտել և ընտրությանը մասնակցելու վերաբերյալ ընտրողների անձնագրում դրոշմակնիք դնելու հարցի շուրջ վիճաբանել են հանձնաժողովի անդամների հետ, աղմկել, բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին: Ընտրատեղամասից Զաքարյանի և Գրիգորյանի դուրս գալուց անմիջապես հետո նույն տեղամաս է մուտք գործել Սաղաթելյանը, ով նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ Սարգիս Պետրոսյանի ներկայությամբ, նույն դրոշմակնիքի վերաբերյալ հարցով վիճաբանել է, աղմկել, սպառնացել: Նրանից հետո տեղամաս է մուտք գործել Պետրոս Մակեյանը, ով նույնպես վիճաբանել է նույն հարցի շուրջ, սպառնացել և խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքներին: Այդպիսով, ըստ դատախազության, Զաքարյանը, Գրիգորյանը, Սաղաթելյանը և Մակեյանը շուրջ կես ժամ կազմալուծել են ընտրատեղամասի աշխատանքները, ընտրական գործընթացը` «սերմանելով վախ և անվստահություն»:

Աշոտ Զաքարյանին, Պետրոս Մակեյանին և Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, որոնցով 2-ից մինչև 5 տարվա ազատազրկում է սահմանվում «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, եթե դա կատարվել է մի խումբ անձանց կողմից և զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Հետաքննության ընթացքում 11 վկա է հարցաքննվել, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները և նախագահի թեկնածուների վստահված անձինք։ Նրանք հայտնել են, որ Դիմումատուները խանգարել են քվեարկության գործընթացին` վիճելով, բղավելով և սպառնալով: Ինը վկաներից, որոնք 2008 թվականի մայիսին հրավիրվել են մասնակցելու Դիմումատուների գործով դատավարությանը, յոթ վկաները հետ են կանչել իրենց հայտարարությունները՝ նշելով, որ քննիչը պարտադրել է նրանց և թելադրել է վկայությունը։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի կայացրած դատավճռով Աշոտ Զաքարյանը, Պետրոս Մակեյանը և Շոթա Սաղաթելյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվել են, համապատասխանաբար, 2 տարի 6 ամիս, 3 տարի, 2 տարի 6 ամիս ժամկետներով ազատազրկման: Դիմումատուների դատավճիռը, ըստ էության, հիմնված է եղել 11 վկաների կողմից նախաքննության փուլում արված հայտարարություններով, որոնք դատարանը գտել է ավելի արժանահավատ: Մասնավորապես, դատարանը որոշել է, որ վկաները հետ են վերցրել իրենց նախկին հայտարարությունները, քանի որ վախեցել են Դիմումատուների կողմնակիցների արձագանքներից: Դիմումատուները բողոքարկել են դատարանի որոշումը, սակայն, նրանց ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են։ Մակեյանը և Զաքարյանը ազատ են արձակվել 2009 թվականի հունիսին՝ համաներման արդյունքում:

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի խախտում։ Դիմումատուները բողոքել են իրենց դեմ հարուցված քրեական դատավարության արդարացիության մասին և նշել են, որ ներպետական դատական ատյաններն իրենց դատապարտելու ժամանակ հիմք են ընդունել միայն ճնշման տակ արված, այնուհետև հետ կանչված նախնական ցուցմունքները՝ առանց հաշվի առնելու դատարանում արված իրական ցուցմունքները։

Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։