ՄԱԿ-ը նշում է Աշխարհի տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օրը

Օգոստոսի 9-ին ՄԱԿ-ը նշում է Աշխարհի տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օրը։ Տեղաբնիկ ժողովուրդները խիստ բազմազան են։ Աշխարհում շուրջ 90 երկրներում ապրում են ավելի քան 5000 առանձին տեղաբնիկ խմբեր: Աշխարհի տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օրը նպաստում է տեղաբնիկ ժողովուրդների իրենց իրավունքներից օգտվելուն և նրանց առանձին մշակույթների ու համայնքների լիարժեք զարգացմանը: Այս օրը նաև կարևորում է պետությունների, նրանց քաղաքացիների և բնիկ ժողովուրդների միջև պայմանագրերը, համաձայնագրերը և այլ կառուցողական պայմանավորվածությունները հարգելու կարևորությունը:

Տարիներ շարունակ տեղաբնիկ ժողովուրդները պայքարում են իրենց մշակույթային արժեքների պահպանման, նախնիների տարածքների վերականգնման և բնական ռեսուրսների տնօրինման իրավունքների պահպանման համար:  Չնայած այն փաստին, որ տեղաբնիկ ժողովուրդները տարբերվում են իրենց ծագումով և ավանդույթներով, նրանք համընդհանուր շատ խնդիրներ ունեն։ Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունում նրանք դասվում են բնակչության առավել խոցելի և կարիքավոր խմբերի շարքին:

Տեղաբնիկ բնակչության հիմնախնդիրները քննարկելու և դրանք կարգավորելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործում է Տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով մշտական ​​համաժողովը։ Տեղաբնիկ ժողովուրդների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի օգոստոսի 9-ին: Այս տարի օրվա թեման է՝ «Տեղաբնիկ ժողովուրդների տեղաշարժը և միգրացիան»։

Կարծիք կա, որ տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչները ապրում են հեռավոր շրջաններում և քոչվորական կյանք են վարում: Սակայն շատ երկրներում տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչները բնակվում են քաղաքներում: Նման իրավիճակում նրանց համար շատ դժվար է պահպանել մշակութային ավանդույթները:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Տեղաբնիկ ժողովուրդների համաշխարհային օրվա կապակցությամբ հնչեցրած իր ուղերձում նշել է, որ շատ հաճախ տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչները տարբեր պատճառներով ստիպված են տեղափոխվել մեկ երկրից մյուսը։ Երբեմն նրանց տեղաշարժն իրականացվում է բռնի ուժով՝ նրանց համաձայնության բացակայությամբ։ Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ միգրացիան կարող է տեղաբնիկ ժողովուրդներին նոր հնարավորություններ ընձեռել, սակայն կարող է նաև նրանց համար սպառնալիք հանդիսանալ։ Գլխավոր քարտուղարն իր անհանգստությունն է հայտնել այն կապակցությամբ, որ շատ երկրներում միգրանտները ապրում են չափազանց ծանր պայմաններում, իսկ կանայք և աղջիկները ենթարկվում են բռնության և թրաֆիքինգի։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հույս է հայտնել, որ «Տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի իրականացման գործընթացի շրջանակներում համաշխարհային հանրությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչների համար կյանքի և գործունեության բնականոն պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ