ՀՀ Սահմանադրական և վճռաբեկ դատարանների որոշումների հարաբերակցությունը

Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների համակարգում առանձնահատուկ տեղ են գրավում Սահմանադրական և վճռաբեկ դատարանները։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը իրականացնում է սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։ Ի թիվս այլ լիազորությունների՝ այն որոշում է օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Մյուս կողմից, ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայն ՀՀ Սահմանադրության, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը՝ բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի։

Թե՛ Սահմանադրական և թե՛ վճռաբեկ դատարանները կայացնում են նախադեպային բնույթ ունեցող դատական ակտեր։ Նախադեպային բնույթը ինքնին մեծացնում է այդ ակտերի նշանակությունն ու դերը իրավական համակարգում, հետևաբար՝ անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր իրավասություն ունեցող այս երկու դատական ատյանների կողմից կայացվող որոշումների հարաբերակցությունը։

Ե՛վ տեսական, և՛ պրակտիկ մակարդակում հնարավոր են իրավիճակներ, երբ Սահմանադրական և վճռաբեկ դատարանները իրենց որոշումներում արտահայտում են տարբեր իրավական դիրքորոշումներ, ինչը կարող է արտահայտվել ինչպես մեկը մյուսի դիրքորոշումը լրացնելով, այլև հակասող դիրքորոշումների արտահայտմամբ։

ՀՀ Սահմանադրական և վճռաբեկ դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումների միջև առկա տարաձայնությունները կամ հակասությունները, որ երբեմն հանդիպում են նաև ՀՀ իրավական պրակտիկայում, անհրաժեշտություն են առաջացնում քննարկել, վերլուծել և եզրահանգել այն հարցի շուրջ, թե ինչպիսին է երկու դատարանների դատական ակտերի հարաբերակցությունը, և թե որն է լուծումը այն իրավիճակներից, երբ այդ ակտերում առկա են հակասություններ։

ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

«1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

2. Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը»։

ՀՀ Սահմանադրական դատարանը ունի մի շարք լիազորություններ, որոնք սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածում, սակայն նրա հիմնական լիազորությունը այն է, որ ՍԴ-ն որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 168, կետ 1)։ Իր այս լիազորությունը իրականացնելիս Սահմանադրական դատարանը մեկնաբանում է ինչպես ՀՀ Սահմանադրությունը, այնպես էլ այն իրավական ակտը, որի համապատասխանությունը Սահմանադրությանը պետք է որոշվի ՍԴ-ի կողմից` այսպիսով ապահովելով սահմանադրականությունը հանրապետությունում։

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները ունեն համապարտադիր բնույթ, ինչը ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասում՝ «Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»։ Ընդ որում, թե՛ այս նորմում, թե՛ ընդհանրապես Սահմանադրության կամ օրենսդրության մեջ բացակայում է Սահմանադրական դատարանի որոշումից և նրա արտահայտած իրավական դիրքորոշումից շեղվելու որևէ հնարավորություն։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի որոշումների մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները համապարտադիր են հանրային իշխանության բոլոր մարմինների, այդ թվում՝ դատարանների համար, և դատարանները կոնկրետ գործ քննելիս պետք է հետևեն այդ իրավական դիրքորոշումներին։

Իր կողմից կայացվող որոշումների բնույթին անդրադարձել է հենց ինքը՝ Սահմանադրական դատարանը, 25.02.2011թ. թիվ ՍԴՈ-943 որոշմամբ՝

«Սահմանադրական դատարանի որոշումների իրավաբանական բնույթն առանձնահատուկ է նաև ՀՀ ընդհանուր և մասնագիտացված դատարանների ակտերի համակարգում: Սահմանադրական դատարանի որոշումների և դատական այլ ակտերի բնույթի, բովանդակության և դրանց իրավաբանական ուժի համեմատական վերլուծությունը վկայում է, որ.

– սահմանադրական արդարադատություն իրականացնելը և այդ գործառույթի շրջանակներում գործով ըստ էության որոշում կայացնելը, ինչպես նշվեց, ՀՀ սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է (ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի երկրորդ մաս և 93-րդ հոդված),

– քննելով սահմանադրական (հանրային-իրավական բնույթի) գործեր` սահմանադրական դատարանը կայացնում է որոշումներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման դատական համակարգի մյուս մարմինների՝ ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարանների կողմից,

– իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելիս, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 և 63-րդ հոդվածների պահանջներից, սահմանադրական դատարանը գնահատում է նաև արդարադատական (ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների) պրակտիկան, բացահայտելով նաև կիրառվող (այդ թվում՝ դատական պրակտիկայում) օրենքների (դրանց առանձին դրույթների) սահմանադրաիրավական բովանդակությունը՝ զարգացնելով ինչպես սահմանադրական, այնպես էլ ճյուղային իրավունքը,

– իրավական ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդում են իրավական հետևանքներ (նոր հանգամանքներ), որոնք պարտադիր հանգեցնում են օրենքով սահմանված կարգով դատական ակտերը վերանայելուն,

– սահմանադրական դատարանն իր որոշումներով ըստ էության մեկնաբանում է ՀՀ Սահմանադրությունը,

– սահմանադրական դատարանի որոշումները վիճարկման ենթակա չեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային որևէ դատարանում:

(…)

Ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի ու իր կողմից ընդունվող որոշումների իրավաբանական ուժի և բնույթի առանձնահատկություններից` սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները.

ա/ անմիջականորեն բխում են սահմանադրական դատարանի լիազորություններից, հետևաբար` կրում են պաշտոնական բնույթ,

բ/ ունեն կոնկրետ իրավական հետևանք, հասցեագրված են ինչպես տվյալ գործով կոնկրետ, այնպես էլ հանրային-իրավական հարաբերությունների բոլոր սուբյեկտներին (համընդգրկուն են),

գ/ ունեն գործողության անսահմանափակ ժամկետ, կարող են փոփոխվել միայն սահմանադրական դատարանի որոշումներով,

դ/ կոչված են ՀՀ իրավահամակարգում և իրավակիրառական պրակտիկայում նպաստելու իրավական անորոշության վերացմանը, դրվում են իրավահարաբերությունների սահմանադրականացման հիմքում, ունեն նախադեպային բնույթ,

ե/ մինչև վեճի առարկա հարաբերության նորմատիվ կարգավորումը, որոշ դեպքերում նաև իրավակարգավորման ժամանակավոր միջոց են,

զ/ ՀՀ Սահմանադրության նորմերի պաշտոնական մեկնաբանություններ են»:

Ընդ որում, ՀՀ Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արտահայտել է նաև իրավական դիրքորոշում առ այն, որ իր կողմից կայացվող իրավական դիրքորոշումները ունեն համապարտադիր նշանակություն՝ անկախ նրանից, թե վիճարկվող նորմը ճանաչվել է սահմանադրական, թե ոչ՝ «(…) Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ հիմնավոր են դիմող կողմի այն պնդումները, համաձայն որի` իրավական դիրքորոշումների շրջանակում սահմանադրական ճանաչված նորմը չի կարող կիրառվել սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունից տարբերվող բովանդակությամբ: Հակառակ դեպքում իրավասու պետական մարմնի, այդ թվում՝ դատարանի, գործողություններն ու ակտերն ակնհայտ կհակասեն ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ և մի շարք այլ հոդվածներով երաշխավորված սահմանադրական կարգի հիմնական սկզբունքներին: ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանները պարտավոր են ըստ էության գործի քննության, ինչպես նաև դատական բողոքարկման շրջանակներում նորմատիվ իրավական ակտերը կիրառելիս հաշվի առնել դրանց վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես, գործող դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով դատական սխալի փաստը գնահատելիս, եթե կոնկրետ գործով անձանց նկատմամբ կիրառված նյութական կամ դատավարական այս կամ այն նորմի սահմանադրաիրավաընկալման վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը: (…)»։

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա կարելի է գալ եզրակացության, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները, այդ թվում՝ դրանցում առկա իրավական դիրքորոշումները ունեն համապարտադիր և համընդգրկուն բնույթ։ Այսինքն՝ դրանք պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Ինչպես նաև, սահմանադրական դատարանի որոշումները վիճարկման ենթակա չեն ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային որևէ դատարանում։ Ընդ որում, Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ունեն պարտադիր նշանակություն թե՛ վիճարկվող նորմի հակասահմանադրական ճանաչվելու և թե՛ դրա՝ սահմանադրական ճանաչվելու դեպքում։

ՀՀ Վճռաբեկ դատարանը, իր հերթին, համաձայն Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի, հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը՝ բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի։ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, վերացնում մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները (ՀՀ Սահմանադրություն, հոդված 171, մաս 2):

Վերը նշված նորմը, ըստ էության, վկայում է Վճռաբեկ դատարանի որոշումների նախադեպային նշանակության մասին, քանի որ վերը նշված գործառույթները իրենց բնույթով հանդիսանում են դատական նախադեպի իրացման նպատակներ։

Դատական նախադեպը և դրա դոկտրինան ողջ աշխարհի իրավական մտքում յուրահատուկ ուշադրություն է գրավում։ Այն հատկապես կիրառելի է ընդհանուր իրավունքի երկրներում (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ), որտեղ դատական նախադեպը ինչպես կոնկրետ գործը լուծելու համար իրավական նորմեր, այնպես էլ դատավորների համար հետագայում նմանատիպ գործեր լուծելիս իրավունքի բացահայտման և կիրառման կանոններ սահմանելու միջոց է, ինչը մայրցամաքային իրավունքի համակարգի տեսաբաններին հիմք է տվել ոչ միայն դասելու այն անգլոամերիկյան իրավական համակարգի իրավունքի աղբյուրների շարքին, այլև համարելու իրավունքի առաջնային աղբյուր։

Մինչդեռ ռոմանագերմանական իրավական ընտանիքի շատ իրավունքի համակարգեր ենթարկվել են լիովին այլ էվոլյուցիայի՝ նախադեպային իրավունքը իջեցնելով երկրորդային իրավունքի աղբյուրի աստիճանի։ Օրենսգրքերը և օրենքները ճանաչվել են որպես իրավունքի առաջնային միակ աղբյուր։ Դեռևս 19-րդ դարում Եվրոպայում իշխանությունների բաժանման դոկտրինան ենթադրում էր, որ «… դատարանների դերը այն վեճերի լուծումն է, որոնք ներկայացված են, այլ ոչ թե օրենքների կամ կանոնների ստեղծումը …»։

Մայրցամաքային իրավունքի համակարգի երկրներում, ինչպիսին է նաև Հայաստանի Հանրապետությունը, դատական նախադեպը պաշտոնապես չի ճանաչվում որպես իրավունքի աղբյուր, ինչը կապված է հատկապես օրենքի գերակայության սկզբունքի հետ, որը հատուկ է հենց այս իրավական ընտանիքի երկրներին։

Միևնույն ժամանակ դատական նախադեպն իր տարբեր դրսևորումներով հանդիսանում է զարգացած եվրոպական պետությունների իրավական իրականության մասը, որը, անկախ պաշտոնապես ճանաչվելու հանգամանքից, մեծ ազդեցություն է թողնում դատական իշխանության գործառույթների իրականացման վրա։ Դատական նախադեպը, ռոմանագերմանական իրավունքում ճանաչված չլինելով որպես իրավունքի աղբյուր ձևականորեն, հանդես է գալիս որպես այդպիսին փաստացի։

Անգլոամերիկյան և մայրցամաքային իրավական համակարգի երկրներում պատմության ընթացքում ձևավորվել են դատական նախադեպի երկու տարբեր դոկտրինաներ՝ stare decisis-ը և jurisprudence constante-ն: Սակայն «ժամանակակից մայրցամաքային իրավական համակարգերի մեծամասնությունը այլևս չի բավարարվում jurisprudence constante-ով, և դե ֆակտո մայրցամաքային իրավունքի համակարգում ձևավորվել է դատական նախադեպի նոր, հիբրիդային մոդել, որը պարունակում է ինչպես stare decisis-ին, այնպես էլ jurisprudence constante-ին բնորոշ գծեր, և որը հաճախ անվանվում է «մեկնաբանության նախադեպ»։

ՀՀ-ում «մեկնաբանության նախադեպի» հայկական տարբերակը ձևավորվել է 2005թ. Սահմանադրական փոփոխությունների, և կատարելագործվել՝ 2015թ. Սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Ներկայումս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը սահմանում են՝

«3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

4. Նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը»:

Դատական նախադեպի հայկական մոդելը որոշակի նմանություններ ունի նախադեպի դասական մոդելի հետ՝

  1. արտացոլված է պարտադիր և համոզիչ նախադեպերի գաղափարը։ Պարտադիր նախադեպ է իրավական նորմի` ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերում առկա մեկնաբանությունը, իսկ համոզիչ նախադեպ է այլ դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա իրավական նորմի մեկնաբանությունը.
  2. առկա է stare decisis (ետ չկանգնել կայացվածից) սկզբունքը, ընդ որում՝ բավականին խիստ ձևակերպմամբ։ Նախադեպից շեղում հնարավոր է միայն համապատասխան հիմնավորման դեպքում։ Ընդ որում, ներկա կարգավորումը ավելի մեղմ է, քան Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 18.05.2007թ., ուժը կորցրել է 09.04.2018թ.) 15-րդ հոդվածի 4-րդ մասի ձևակերպումը, որը սահմանում էր՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»: Այսինքն, եթե հին կարգավորման համաձայն՝ հիմնավորման շրջանակը ավելի նեղ էր և վերաբերում էր միայն այն դեպքին, երբ դատարանի կողմից հիմնավորվում է, որ նախադեպային ակտում առկա հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները) կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ, ապա ներկայումս հիմնավորման շրջանակը չունի նույն նեղությունը, և դատարանից պահանջվում է պարզապես պատճառաբանված հիմնավորում.
  3. արտացոլվում է նախադեպի դասական հայեցակարգում դրա կիրառման մեթոդներից «ըստ անալոգիայի հիմնավորման» նշանակությունը։ Այս մեթոդի դեպքում նախ նախանշվում են այն փաստերը, որոնք նույնն են երկու գործերում, և այն փաստերը, որոնք տարբերվում են, և ապա որոշվում է այն հարցը, թե որքանով են տարբերությունները կարևոր իրավական լուծման տեսանկյունից։

Սակայն առկա են նաև էական տարբերություններ, որոնք բացառում են ՀՀ-ում դատական նախադեպը որպես իրավունքի աղբյուր քննարկելու հնարավորությունը այն համատեքստում, որն առկա է ընդհանուր իրավունքի երկրներում՝

  1. դասական դատական նախադեպը առաջանում է թե՛ ընդհանուր իրավունքի, թե՛ օրենսդրական նորմերի մեկնաբանության արդյունքում, այս երկու գործընթացները փոխկապակցված են և ընթանում են նույն փուլերով (դեդուկտիվ հիմնավորում և հիմնավորում ըստ անալոգիայի)։ Մինչդեռ ՀՀ-ում, ինչպես և մայրցամաքային իրավունքի համակարգին հարող այլ երկրներում, կարող է առաջանալ միայն օրենսդրական նորմերի մեկնաբանության արդյունքում նախադեպ, հետևաբար՝ դատարանի կողմից նորմ չի ձևավորվում, և դեդուկտիվ հիմնավորման փուլը դուրս է մնում.
  2. նախադեպի հայկական հայեցակարգում դատարանը զգալիորեն ավելի սահմանափակված է այլ դատարանի կողմից սահմանված կանոն կիրառելիս, քան ամերիկյան կամ անգլիական դատարանը, քանի որ փաստական հանգամանքների շրջանակը ընդլայնելիս նման հանգամանքների առկայությունը որոշելիս և հատկապես տարբերվող հանգամանքների կարևորությունը որոշելիս հայկական դատարանը խստորեն սահմանափակված է մեկնաբանվող օրենսդրական նորմով.
  3. բացի այդ, դրված է հանգամանքների նմանության ավելի բարձր ստանդարտ. եթե ընդհանուր իրավունքի համակարգում խոսքը գնում է նմանատիպ (similar) փաստական հանգամանքների, ապա «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում՝ նույնանման (identical) փաստական հանգամանքների մասին։

Ինչպես նշում է Վ. Օհանյանը` «Միևնույն ժամանակ նախադեպի հայկական հայեցակարգը որոշ նմանություններ ունի jurisprudence constante-ի հետ. հիմնականում խոսքը դրա նպատակային նշանակության մասին է՝ որպես օրենքի միատեսակ կիրառություն և մեկնաբանություն, կայուն և կանխատեսելի դատական պրակտիկայի ձևավորում ապահովելուն ուղղված կարևոր միջոցի։ Սակայն գործնական նշանակության, ստորադաս դատարանների համար իրավական հետևանքների և կիրառման կանոնների տեսանկյունից նախադեպի հայկական հայեցակարգը էապես տարբերվում է jurisprudence constante-ից՝ նախ և առաջ նրանով, որ նախադեպային նշանակություն ստանում է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտը, ոչ թե դրանց բազմությունը, այն էլ՝ հետագայում այլ դատարանի կողմից կիրառվելիս»։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ դատական նախադեպի հայկական մոդելը հնարավոր չէ միանշանակ դասել ո՛չ stare decisis և ո՛չ էլ jurisprudence constante դոկտրինային։ Կարելի է եզրակացնել, որ դատական նախադեպի հայկական հայեցակարգի շրջանակում դատական նախադեպը «մեկնաբանության նախադեպ է»՝ հիբրիդային մոդել։

Այսպիսով, մեկնաբանության նախադեպի այն հայեցակարգը, որը տեղ է գտել ՀՀ դատական օրենսգրքում, հնարավորություն չի տալիս խոսելու ՀՀ-ում դատական նախադեպի՝ որպես իրավունքի աղբյուրի առկայության մասին այնպես, ինչպես, օրինակ ԱՄՆ-ում կամ Միացյալ Թագավորությունում։ ՀՀ-ում դատավորը չի կիրառում ՀՀ Վճռաբեկ դատարանի կամ այլ դատական ատյանի դատական ակտը, այլ հիմք է ընդունում այն հիմնավորումները, որոնք տրվել են վճռաբեկ դատարանի դատական ակտում։ Պարտադիր նախադեպը այս համատեքստում ոչ թե իրավունքի աղբյուր է, այլ սկզբունքի կենսագործմանն ուղղված իմպերատիվ միջոց։ Տրամաբանական է, որ նման մոտեցման դեպքում իրավական լուծումն ընտրելիս դատավորը պարտավոր է կիրառել այլ դատական ակտից բխող իրավական տեղեկատվությունը հաշվի առնելու վերաբերյալ կանոնը, որը կոչված է ապահովելու օրենքի առջև հավասարության սկզբունքի կենսագործումը և այսպիսով՝ դատարանի իրավաստեղծագործությունը սահմանափակելու օրենքի և իրավունքի ընդհանուր սկզբունքների շրջանակներով։

Հետևաբար, գտնում ենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները չեն կարող համարվել դատական նախադեպեր դասական իմաստով, սակայն միևնույն ժամանակ գտնում ենք, որ դրանք ունեն նախադեպային նշանակություն վճռաբեկ դատարանի՝ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական լիազորության և օրենքի առջև հավասարության սկզբունքի կենսագործման համատեքստում. ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած հիմնավորումները կարևորագույն հիմք են ստորադաս դատարանների համար դատական ակտ կայացնելիս։

ՀՀ Սահմանադրական և վճռաբեկ դատարանները ունեն միմյանցից տարբերվող իրավասություն, սակայն նրանց արտահայտած իրավական դիրքորոշումները նույն իրավական հարցի վերաբերյալ տեսականորեն և գործնականում կարող են լինել միմյանցից տարբերվող կամ միմյանց հակասող։ Արդյունքում այդ որոշումները կիրառող դատարանների համար հիմնահարց է դառնում այն, թե որ նախադեպային որոշումն է անհրաժեշտ կիրառել իրենց ենթակայության տակ գտնվող կոնկրետ գործով։ Հետևաբար՝ առաջանում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում տարբեր դատական գործերով միևնույն իրավական նորմը կարող է կիրառվել տարբեր մեկնաբանությամբ՝ հիմնվելով նախադեպային բնույթ ունեցող տարբեր ակտերի հիման վրա՝ այդպիսով խաթարելով մարդու արդար դատաքննության իրավունքը։

Վերլուծելով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների որոշումների բնույթը և ստորադաս դատարանների կողմից այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին հետևելու պահանջները՝ կարող ենք եզրակացնել, որ Սահմանադրական դատարանի որոշումները, ի տարբերություն Վճռաբեկ դատարանի որոշումների, համապարտադիր են բոլոր դատարանների համար, և առկա չէ այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից շեղվելու որևէ հնարավորություն։

Եթե տեսականորեն լինի տարաձայնություն կամ հակասություն Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումների միջև, ապա պրակտիկայում կարող են առաջանալ որոշ խնդիրներ՝ կապված նրա հետ, թե որ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին կհետևեն դատարանները։

Մի կողմից, հնարավոր է իրավիճակ, երբ Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը նույն իրավական հարցի վերաբերյալ հայտնում են իրարից տարբերվող դիրքորոշումներ, և ստորադաս դատարանները հայտնվում են երկընտրանքի մեջ՝ հետևել Վճռաբեկ, թե Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմանը։ Այդ դեպքում պետք է ի նկատի ունենալ, որ ստորադաս դատարանների համար առկա է նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից շեղվելու հնարավորություն՝ դա հիմնավորելու պայմանով։ Մինչդեռ նույնը հնարավոր չէ ասել Սահմանադրական դատարանի որոշումներից շեղվելու հնարավորության մասին։ Ուստի, գտնում ենք, որ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատական ակտերում միևնույն իրավական ակտի տարբեր մեկնաբանությունների դեպքում ստորադաս դատարանները կոնկրետ գործ քննելիս պետք է առաջնահերթությունը տան իրավական նորմի՝ Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությանը՝ այդպիսով շեղվելով Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից՝ դա հիմնավորելով հենց նրանով, որ Սահմանադրական դատարանը կայացրել է համապարտադիր նշանակություն ունեցող մեկ այլ՝ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումից տարբերվող իրավական դիրքորոշմամբ որոշում։

Մյուս կողմից, պրակտիկայում հնարավոր է իրավիճակ, երբ Վճռաբեկ դատարանը, ըստ էության չունենալով վերադաս ատյան, չհամաձայնի Սահմանադրական դատարանի՝ արդեն իսկ կայացված և ուժի մեջ մտած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման հետ և արդյունքում կայացնի որոշում, որում կմեկնաբանի խնդրո առարկա իրավական նորմը այլ կերպ, քան Սահմանադրական դատարանը կամ կվերահաստատի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, որը տարբերվում է ՍԴ արտահայտած իրավական դիրքորոշումից, և այդ որոշումը կմտնի օրինական ուժի մեջ հրապարակման պահից՝ առաջացնելով կոնկրետ իրավական և փաստական հետևանքներ։ Կարծում ենք, որ այս իրավիճակը ևս պետք է հանգուցալուծվի հօգուտ Սահմանադրական դատարանի որոշումների, քանի որ նրանք համապարտադիր են ՀՀ բոլոր պետական մարմինների, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի համար, որը պետք է հաշվի առնի դրանք և համապատասխան ակտեր կայացնի՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները։

Այսպիսով, ընդհանրացնելով վերոգրյալը և պատասխանելով հարցին, թե միևնույն իրավական հարցի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներում տարաձայնությունների կամ հակասության դեպքում որ դատարանի դատական ակտին պետք է տրվի նախապատվություն իրավակիրառ մարմինների, մասնավորապես՝ դատարանների կողմից, գալիս ենք եզրակացության, որ՝

  1. ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներում առաջացած տարաձայնությունների կամ հակասությունների դեպքում նախապատվությունը պետք է տրվի Սահմանադրական դատարանների որոշումներին.
  2. Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատական ակտերում միևնույն իրավական ակտի տարբեր մեկնաբանությունների դեպքում ստորադաս դատարանները կոնկրետ գործ քննելիս պետք է առաջնահերթությունը տան իրավական նորմի՝ Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությանը՝ այդպիսով շեղվելով Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից՝ դա հիմնավորելով հենց նրանով, որ Սահմանադրական դատարանը կայացրել է համապարտադիր նշանակություն ունեցող մեկ այլ՝ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումից տարբերվող իրավական դիրքորոշմամբ որոշում։
  3. Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատական ակտերում միևնույն իրավական ակտի տարբեր մեկնաբանությունների դեպքում Վճռաբեկ դատարանը պետք է հաշվի առնի Սահմանադրական դատարանի դիրքորոշումը և իր որոշումները կայացնի այդ դիրքորոշումներին համապատասխան։

Միևնույն ժամանակ գտնում ենք, որ վերը նշված իրավիճակից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրավական մշակույթի ու իրավագիտակցության բարձրացման և իրավական պրակտիկայի զարգացման ճանապարհով հասնել այն արդյունքին, որ հատկապես Սահմանադրական դատարանի որոշումները, որոնք ունեն համապարտադիր նշանակություն, կատարվեն հավուր պատշաճի հանրային իշխանության բոլոր մարմինների և հատկապես դատական իշխանության մարմինների կողմից։

Անհրաժեշտ ենք համարում նաև ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների լիազորությունների, նրանց կողմից կայացվող որոշումների և դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների բնույթի ու նշանակության հստակեցումը՝ հետագայում միատեսակ և անվիճելի իրավական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից։

Վերլուծության հեղինակ՝ «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի իրավաբան, փաստաբան Վոլոդյա Մազմանյան

Մեկնաբանություններ