ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: Արձանագրվել է նախկին դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, ինչի համար կառավարությունը պետք է նրա մերձավորներին փոխհատուցի 4900 եվրո, որից 3600-ը՝ ոչ նյութական վնասի, իսկ 1300 եվրոն՝ դատական ծախսերի համար:

Սամվել Մնացականյանը մահացել է 2021թ-ին: Նախկին դատավորի մահից հետո ՄԻԵԴ-ում հանդես են եկել նրա կինը՝ Լիա Մնացականյանը և դուստրը՝ Հասմիկ Մնացականյանը:

Սամվել Մնացականյանը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ 2009թ-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 

2011թ. մայիսի 30-ին դատավոր Սամվել Մնացականյանը բավարարել է մեղադրյալ Ա. Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել էր գրավով, ինչն էլ կարգապահական պատասխանատվության հիմք էր հանդիսացել: 

Երկու օր անց` 2011թ. հունիսի 1-ին, Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Արման Մկրտումյանը համապատասխան գրությամբ դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Մկրտումյանի գրությունն էլ առիթ է հանդիսացել դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Նույն տարվա հունիսի 24-ին Արդարադատության խորհուրդը քննարկել է Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ որոշելով դիմել երկրի նախագահին Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Ըստ Արդարադատության խորհրդի որոշման, դատավոր Մնացականյանն առանց պատճառաբանության անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատ արձակել: