ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են առաջիկա նստաշրջանի և քառօրյայի օրակարգային հարցերը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Աշոտյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրված նիստում քննարկել է առաջիկա նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգային մի շարք հարցեր։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Քննարկման արդյունքում քվեարկությամբ համաձայնագրին տրվեց դրական եզրակացություն նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

Փոխնախարար Շավարշ Քոչարյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի(ՄՔՄՄԿ) միջեւ ՀՀ-ում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

2016 թվականի նոյեմբերի 15-ին Երեւանում ստորգրված համաձայնագրի նպատակն է սահմանել ՄՔՄՄԿ եւ նրա անձնակազմի կարգավիճակը, արտոնություններնն ու անձեռնմխելիությունը Հայաստանի Հանրապետությունում։

ՄՔՄՄԿ իրավունք ունի հիմնելու իր ներկայացուցչությունը ՀՀ-ում եւ աշխատանքի ընդունելու իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ՝ տեղական եւ միջազգային անձնակազմ։

ՀՀ ճանաչում է ՄՔՄՄԿ միջազգային իրավաբանական անձի կարգավիճակը եւ իրավունակությունը ՀՀ-ում, մասնավորապես պայմանագրեր կնքելու, շարժական ու անշարժ գույք ձեռք բերելու, տիրապետելու եւ տնօրինելու, դատական հայց ներկայացնելու եւ որպես պատասխանող հանդես գալու։

Քննարկման արդյունքում պատգամավորները քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «ՀՀ կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը։

Քննարկման արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենքը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն ««ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը։

Քննարկման արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

Օրակարգային հարցերը սպառվելուց հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հանձնաժողովին առաջարկվել է որոշում կայացնել ԱԺ Հայաստան-Բալկանյան երկրներ բարեկամական խումբ ստեղծելու մասին։

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները ընդունել են որոշում։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը գործընկերներին է ներկայացրել տեղեկատվական բնույթի երեք հաղորդում։

Մեկնաբանություններ