Հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը

Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր համակարգը ներդնելու ուղղությամբ աշխատանքները տարվում են ժամանակացույցին համապատասխան։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը։

Ցանկում ընդգրկվել են հայտ ներկայացրած այն բժշկական կազմակերպությունները, որոնք բավարարել են պահանջվող պայմանները։ Դրանցից առաջինը տվյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիայի առկայությունն է։

Հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ Փաստորեն, շահառուն ինքը կորոշի, թե իր գումարն ուր փոխանցվի։ Միաժամանակ կուժեղացվի ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, կմեծանա դրանց ծախսման արդյունավետությունը։ Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։

Հավելենք, որ նոր համակարգով սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները կարելի է կազմակերպել միայն այն առողջապահական կազմակերպություններում, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետում ընգրկված բոլոր ծառայությունները տեղում մատուցելու հնարավորությունները:

Սոցիալական փաթեթի շահառուներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը` այստեղ։

Մեկնաբանություններ