Դիմումատուները՝ Աննագի Բահադուրոգլու Հաջիբեյլին և Ինթիգամ Կամիլոգլու Ալիևը, ազգությամբ ադրբեջանցի են, ծնվել են համապատասխանաբար 1955 և 1962 թվականներին։ Հաջիբեյլին ապրում է Ադրբեջանի Բաքու քաղաքում, իսկ Ալիևը՝ Աբշերոն մարզում։
Դիմումատուները քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և իրավապաշտպաններ են։ Գործի շրջանակներում Դիմումատուները բողոքել են, որ իրենց չեն թույլատրել անդամակցել Ադրբեջանի Հանրապետության Փաստաբանների պալատին և մերժել են իրենց ներկայացրած դիմումներն այն հիմքով, որ վերջիններս հրապարակայնորեն քննադատել են իրավաբան մասնագետների ընթացիկ վիճակն իրենց երկրում։
2005 թվականին Դիմումատուները «Իրավաբանի մասնագիտության բարեփոխումներ» ծրագրին ուղղված նոր օրենքի շուրջ հայցադիմում են ներկայացրել Ադրբեջանի Հանրապետության Փաստաբանների պալատ։ Տարիներ շարունակ Դիմումատուները Ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից շնորհված արտոնագրով իրավաբանական գործունեություն են ծավալել իրենց երկրում։
Ընդունված նոր օրենքի եզրափակիչ և անցումային դրույթների համաձայն՝ Դիմումատուներին թույլատրվում է առանց մասնագիտական որակավորման քննություն հանձնելու ընդգրկվել Ադրբեջանի Փաստաբանների պալատի անդամների ցուցակում՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու և որպես իրավախորհրդատու աշխատելու պայմանով։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի Փաստաբանների պալատի հանձնաժողովը մերժել է Դիմումատուների դիմումները։
Տարիներ շարունակ առաջին ատյանի դատարանում Դիմումատուների գործով քննություն է իրականացվել, որի շրջանակներում Դիմումատուները բողոքարկել են իրենց դիմումները մերժելու վերաբերյալ ՓՊ-ի հանձնաժողովի կայացրած որոշումը, սակայն ապարդյուն։
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Վերջիններս բողոքել են, որ Ադրբեջանի Փաստաբանների պալատի անդամ դառնալու համար նրանց ներկայացրած դիմումները մերժվել են՝ իրենց երկրում իրավաբանի մասնագիտության վիճակը հրապարակայնորեն քննադատելու պատճառով։ Որպես ապացույց Դիմումատուները ներկայացրել են նաև իրենց դիմումներն ընդունելու և քննելու ժամանակ ՓՊ-ում հանձնաժողովի մասնակցությամբ տեղի ունեցած նիստերից որոշ հատվածներ։ Դիմումատու Ալիևը, ով հանդիսանում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների գործով լիազոր ներկայացուցիչ, բողոքել է իր և մյուս Դիմումատուի անունից, որ 2014 թվականին Ադրբեջանի իշխանությունները բռնագրավել են իրենց դիմումներին առնչվող փաստաթղթերի ամբողջ փաթեթն իրենց գրասենյակից և վերադարձրել են այն միայն երկու ամիս անց։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի (անհատական գանգատ ներկայացնելու իրավունք) խախտում:
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում և 34-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ադրբեջանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 7.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․500 եվրո վճարել Դիմումատու Հաջիբեյլիին՝ նրա կողմից կատարված դատական ծախսերը հատուցելու համար։
Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։