Փաստաբաններն ահազանգում են ամբաստանյալների նկատմամաբ բռնություններին և խոշտանգումներին

Այսօր տեղի ունեցավ «Համակարգային անպատժելիությունը` որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով  հանրային քննարկում փաստաբանների և մի շարք մասնագետների հետ: Քննարկման ժամանակ խոսեցին փաստաբանների դերի, դատարաններում առաջացած խնդիրների, ամբաստանյալների նկատմամաբ ոտնձգությունների մասին:

Փաստաբան Հայկ Ալումյանը, խոսելով փաստաբանի դերի մասին, հայտնեց, որ երբեմն անձը միայնակ դուրս է գալիս պետության դեմ և միակ հույսն ու ապավենը, որը այդ պահին գտնվում է նրա կողքին, լինում է  իր փաստաբանը:

«Այն անձինք, որոնք օրինական կամ անօրինական կերպով մեղադրում են մեկ այլ անձի հանցանքի մեջ, ցանկացած պահի կարող են հայտնվել նույն իրավիճակում: Հետևաբար փաստաբանի անհրաժեշտությունը կարող է զգալ մեր 3 միլիոնանոց հանրապետությունում ցանկացած մեկը»,-նշեց Ալումյանը:

Փաստաբանի խոսքերով նման պարագայում փաստաբանը պետք է լինի պետության ոտնձգությունից զերծ, պետք է ունենա անկախության ահրաժեշտ ազատություն, որպեսզի պետությունը չկարողանա փաստաբանին ստիպել, որ իր վստահորդին պաշտպանելու փոխարեն ստիպած լինի պաշտպանել ինքն իրեն:

«Ցավոք վերջին շրջանում մի շարք քրեական գործերով զարգացումները ցույց են տալիս, որ պետությունը, երբեմն մի կողմ թողնելով քրեական գործով մեղադրվողներին, կենտրոնացել է փաստաբանների նկատմամաբ համատարած ճնշումներին: Ձեռնամուխ լինելով տարբեր միջոցներով փաստաբանների իրավունքների սահմանափակմանը, փաստաբաններին դնում է անելանելի իրավիճակների մեջ»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դեպքերին, երբ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների նկատմամաբ ոստիկանները կատարեցին բռնություն, ուժի ոչ օրինական և անհամաչափ կիրառում, պարոն Ալումյանը հայտնեց, որ դա արհամարհանք է փաստաբանի և նրա մասնագիտական գործունեության նկատմամբ:

«Չի կարելի փաստաբանի նկատմամբ ավելի ծանր մասնագիտական վիրավորանք պատկերացնել, քան այն, որ իր աչքի առաջ խոշտանգում են իր պաշտպանյալին և նա հնարավորություն չունի այդ պահին ինչ-որ կերպ միջամտել դրան»,- ասաց նա:

Իսկ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ հուլիսի 28-ին կայացած դատական նիստի ժամանակ 6 փաստաբաններով մնացել են դրսում, քանի որ փորձում էին ուժեղացված զննություն իրականացնել իրենց նկատմամբ և ամեն ինչ անել, որպեսզի չկարողանան մուտք գործել դատարանի դահլիճ: Նրա կարծիքով դա պայմանավորված էր նրանով, որ որոշակի օպերացիա պետք է կատարվեր նրանց պաշտպանյալների նկատմամբ:

«Այդ ընթացքում կատարվել են որոշակի գործողություններ մեր պաշտպանյալների նկատմամբ: Իջեցրել են նրանց դատարանի նկուղային հարկում գտնվող խցերը և ծեծի ենթարկել:  Խնդիրը նրանում է, որ այդ ամենի նկատմամբ ոչ մի գնահատական, որևէ վերաբերմունք ցույց չի տվել գործող նախագահող դատավորը»,- պատմեց փաստաբանը:

Ինեսսա Պետրոսյանը նաև հայտնեց, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ առերևույթ հանցագործություն կատարողները հայտնի են, և այն անձինք են, որոնք անմիջապես կատարում են իրենց պաշտպանյալների ուղեկցումը դեպի դատարան և տարբեր վայրեր, սակայն այդպես էլ չեն հեռացվում, շարունակում են ուղեկցել իրենց պաշտպանյալներին և որևէ մեկի լիազորությունները մինչ օրս չեն կասեցվել:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում ոստիկանական այդ խմբի կողմից ոտնատակ տրվեց արդարադատությունը և դատական իշխանությունը: Նրա կարծիքով պետք է փրկել Հայաստանի արդարադատությունը և դատական իշխանությունը ոստիկանական բռնություններից:

«Դա պատժիչ գործողություն էր և՛ մեր հանրության նկատմամաբ, և՛ դատական իշխանության նկատմամբ: ՀՀ քաղաքացուն զրկում են արդարադատությունից և զրկողների նկատմամաբ դատական իշխանության ինքնակառավարման մարմինը որևէ արձագանք չունի: Այս երևույթի գնահատականը պետք է հենց դատական իշխանության կողմից ստանանք»,-հավելեց նա:

Հունիսի 28-ի դեպքերին անդրադարձավ նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Փաստաբանի խոսքերով այդ խախտումները կրում են աննախադեպ զանգվածային և համակարգված բնույթ:

«Ես մասնակցել եմ տարբեր քաղաքական հետապնդուման ենթարկվող անձանց դատավարությունների և նման համակարգված բնույթի խախտումներ չեմ հիշում»,- իր խոսքում ասաց Մ․ Շուշանյանը:

Ըստ փաստաբանի այսկերպ ծանր հարված հասցվեց դատական համակարգին և որևէ հույս չկա, որ դատական համակարգը կարող է այդ հարվածի հետևանքները հաղթահարել: Փաստաբանի կարծիքով փաստաբաններին զննության ենթակելու միջոցով փորձ է արվում նրանց նվաստացնել և արժանապատվությունը նսեմացնել:

 «Իմ կարշիքով, սա արվում է այն պատճառով, որովհետև վախենում են այս դատավարությունների հրապարկայնությունից, որովհետև գիտեն, որ մեր պաշտպանյալները օգտվելու են արտահայտվելու իրենց իրավունքից, հնչեցնելու են իրենց գնահատականները և հայտարարություններ են անելու»,-ասաց նա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրներին, նշեց, որ 2013 թվականից մենք արդեն ունենք պերմանենտ քաղբանտարկյալներ, այսինքն` մշտական քաղբանտարկյալներ, որոնք կախված չեն քաղաքական ճգնաժամերի հետ կամ, մենք պերմանենտ քաղաքական ճգնաժամի մեջ ենք:

Իշխանյանի համոզմամբ Ժիրայր Սեֆիլյանի և Սամվել Բաբայանի գործերը եղել են սարքված: Հիշելով 37 թիվը նշեց, որ ցանկացած մեկի վրա կարող են գործ սարքել, վկայություններ տալ և դատապարտել:

«Եթե Հայաստանում արդարադատություն գործեր, լիներ իրավական պետություն և անկախ դատական իշախանություն, ես համոզված եմ, որ «Սասնա Ծռերի» ապստամբությունը չէր լինի», -ասաց նա:

Վերջում պարոն Իշխանյանը բնութագրեց այս ամենը մեկ բառով, փոխելով Դոստոևսկու խոսքերը` «Ոճիր և անպատիժ»:

Նյութը՝ Ելենա Արամյանի