«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու համատեքստում, վերլուծել համապատասխան միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր ձևերն ու եղանակները, ներկայացնել հիմնական եզրահանգումները շահագրգիռ անձանց եւ հաստատություններին:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ (ի.գ.թ.), ծրագրի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նախ ընդհանուր առմամբ ներկայացրեց Հայոց ցեղասպանության ոլորտում արդի մարտահրավերների համատեքստում առկա իրավական խնդիրները, ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները:
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկայացվող ծրագրի շրջանակներում իրականացվում է հետազոտություն, որը միտված է անդրադառնալ Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվությանն առնչվող հիմնահարցերի քննարկմանը արդի միջազգային իրավունքի տեսանկյունից: Հետազոտության իրականացման հիմնական նպատակն է լինելու ստեղծել մի գրավոր փաստաթուղթ, որը կարտացոլի այն հիմնական միջազգային իրավական հիմնավորումները և վերլուծությունները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կողմից:
Մասնավորապես, ծրագրի ղեկավարի տեղեկացմամբ, նախատեսվում է պատրաստել և հրապարակել Հայոց ցեղասպանության միջազգային իրավական հիմնահարցերին վերաբերող ուղեցույց (իրավական հուշագիր), որը կտրամադրվի համապատասխան պետական մարմիններին, ինչպես նաև կթարգմանվի անգլերեն: Հետազոտության արդյունքներն ամբողջական տեսքով կհրապարակվի նոյեմբերի երկրորդ կեսին:
Ուսումնասիրության ավարտին նախատեսվում է կազմակերպել միջազգային գիտա-պրակտիկ համաժողով՝ քննարկելով հետազոտության արդյունքները: Հետազոտության առանցքային հիմնահարցերը հետևյալն են.
- Հայոց ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի հիմնահարցը և արարքի որակման խնդիրը,
- Ցեղասպանության համար պահանջներ ներկայացնելու ընթացակարգային հիմքերը,
- Ցեղասպանության ժխտումը միջազգային իրավունքի տեսանկյունից,
- Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության հիմնահարցերը:
Մասնավորապես, հիմնահարցերի բուն նպատակն է հայերի դեմ իրագործված ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի, այն է՝ պայմանագրային և սովորութային միջազգային միջազգային իրավական այն նորմերի վերհանումը և վերլուծությունը, որոնք կարող են հիմնավորել այդ հանցագործության համար Թուրքիայի Հանրապետությանը ներկայացվող պահանջների իրավաչափությունը և հիմք հանդիսանալ՝ վերջինիս միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար:
Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր դատաիրավական ընթացակարգերի ամփոփ վերլուծությունը ներկայացրեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը: Նա մասնավորապես անդրադարձավ ընդդեմ Թուրքիայի հնարավոր դատական ընթացակարգային խնդիրներին՝ ինչպես Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ պետության ներգրավման, այնպես էլ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների պաշտպանության և նրանց կողմից պահանջների ներկայացման իրավական հիմքերի համատեքստում:
Ե. Կիրակոսյանը ասաց, որ այս համատեքստում հնարավոր ընթացակարգերից են ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու տարբերակը, Միջազգային դատարանում խորհրդատվական եզրակացություն ստանալու ընթացակարգը, հնարավոր է նաև միջազգային դատական կամ այլ ատյանների միջոցով պաշտպանության իրականացումը՝ մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կամ ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում, նշեց հնարավոր այլ տարբերակներ՝ առանձնացնելով հնարավոր գործընթացի համատեքստում յուրաքանչյուրի առանձնահատկությունները և հնարավոր ռիսկերը:
Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի ոլորտում առկա հիմնական իրավական կառուցակարգերին անդրադարձավ կենտրոնի համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը: Նա խոսեց միջազգային իրավունքի տեսանկյունից ցեղասպանության ժխտման իրավական բովանդակության և առկա խնդիրների վերաբերյալ: «Ներկայում ականատես ենք դառնում այնպիսի գործընթացների, երբ անձը, փորձելով օգտագործել խոսքի ազատության իրավունքը որպես շղարշ, հրապարակայնորեն ժխտում է ցեղասպանության փաստը»,-ասաց նա՝ նկատի ունենալով Շվեյցարիայում թուրք քաղաքական գործիչ Դ. Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն ժխտման փաստը:
Մասնավորապես, Լ. Գևորգյանը անդրադարձ կատարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով 2013 թ. դեկտեմբերի 17-ին կայացված վճռի հարուցած իրավական սուր խնդիրներին, այդ վճռի հիմնավորման իրավական բացերին ու թերություններին: Բանախոսն ընդգծեց նաև, որ այդ վճռով ՄԻԵԴ-ը փաստացի տարբերություն է դրել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոսթի միջև՝ նշելով, որ Հոլոքոստը՝ որպես ցեղասպանություն, աներկբայորեն ճանաչված փաստ է:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի անդամների ելույթներից հետո հանդիպմանը ներկա մի շարք հայտնի իրավագետների, պատմաբանների և ոլորտին առնչվող այլ մասնագետների միջև ծավալվեց քննարկում: Հնչեցին ներկայացված ծրագրի մեծ կարևորության, թեմայի համատեքստում ներկայացվող խնդիրների հրատապության և քննարկվող իրավական հարցերի ու մոտեցումների վերաբերյալ կարծիքներ: