Հաշմանդամություն ունեցող են համարվում այն անձինք, որոնք ունեն երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական դժվարություններ, և վերջիններս տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում նվազում է լիակատար և արդյունավետ մասնակցությունը հասարակության կյանքում` մյուսների հետ հավասար:
Սա ամրագրված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում:
Հավելենք, որ անձի հաշանդամությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները /ԲՍՓՀ/: Հանրապետությունում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 25 հանձնաժողով, որից 3-ը մասնագիտացված` ակնաբանական, հոգեբուժական և մանկական:
Բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովի կողմից «հաշմանդամություն ունեցող անձ»
ճանաչված անձին սահմանվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ, իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության՝ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխա- տանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված
է եղել 228 000 հաշմանդամություն ունեցող անձ:
Մի քանի ամիս առաջ ՀՀ-ում հաշվառված էր մոտ 210 հազար հաշմանդամություն ունեցող անձ, իսկ այսօր 200 հազար: Այս մասին ասաց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյան՝ հավելելով, որ վերոնշյալ թիվը տարօրինակ է համարում, քանի որ ըստ ցուցակի՝ 10 հազար հաշմանդամություն ունեցող անձ անհետացել է:
«Պատճառաբանվում է, որ հաշմանդամության կարգ ստանալու չափորոշիչները խստացվել են, հատկապես 3-րդ
կարգը ստանալու համար: Այստեղ, հնարավոր է, նաև դրական միտում կա, սակայն պատկերը նաև մտահոգիչ է, քանի որ մարդիկ որոշ ժամանակ առաջ հաշմանդամ էին ճանաչվել: Չի բացառվում, որ աշխատելու և այլ հնարավորություն չունենան»,- ՀԿ-ի նախագահը հավելեց, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք գրեթե զրկված են հանգստի իրավունքից:
«Այսօր Երևանից դուրս չկան հանգստյան տներ, հյուրանոցներ, որոնք հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց: Մի հյուրանոց կա Ջերմուկում, որը հարմարեցված է, սակայն գնային առումով է անհասանելի:
Վրաստանում կարող ենք հանգստանալ, սակայն այստեղից տեղափոխման խնդիր կա, քանի որ գնացքները հարմարեցված չեն, գոնե, մեկ վագոն հարմարեցված չէ»,- շարունակեց Ալավերդյանը՝ հիշելով իր վերջին այցը Բաթումի.
«Տարածքն այդ գնացքոմ շատ նեղ էր ու 16 ժամ առանց շարժվելու, օդափոխվելու պետք է գնաս, բեռի պես քեզ տանում են և վերջ»:
«Ունիսոն» ՀԿ-ի նախագահի խոսքերով մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ավելի սուր են արտահայտված: Սակայն Ալավերդյանին անհանգստացնում են նաև կրթության հետ կապված խնդիրները. «Ցանկացած մարդու ապագան, հատկապես հաշմանդամություն ունեցողի, մեծապես կախված է այն կրթությունից, որն ինքը կստանա: Ներառական դպրոցներ ունենք և մինչև 2025 թվականը կրթությունն ամբողջությամբ կդառնա ներառական, բայց որակի խնդիր կա: Այսօր ներառական դպրոցները միայն պայմանական են ներառական, քանի որ, եթե մուտքի մոտ թեքահարթակ կա, միևնույն է, մարզադահլիճի, մյուս հարկերի և այլնիհամար չկա»,- նշեց Արմեն Ալավերդյանը՝ հավելելով, որ մասնագետների հետ կապված խնդիր կա, նաև որակի հետ կապված լուրջ հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ
օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200- Ն), որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:
Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին մասնակցությունն ու հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:
Ըստ վերոնշյալ նախագծի՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, Երևան քաղաքում՝ առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի:
Ըստ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրության՝ Հայաստանում 2016 թվակնանից գործում է ոչ թե ներառական, այլ ինտեգրված կրթություն: Այսինքն, երեխան ինտեգրվում է դպրոց, կրթություն է ստանում բոլորի հետ միասին, սակայն նրա նկատմամբ կիրառվում է տարբերակված մոտեցում: Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում բացակայում են տարրական պայմանները հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Դպրոցները չունեն մատչելի թեքահարթակներ, սանհանգույցներ, ինչպես նաև համապատասխան մասնագետ-ուսուցիչներ: Ենթակառուցվածքի բացակայության, մանկավարժական անձնակազմին չվստահելու, հասարակության կարծրատիպային մոտեցման պատճառով ծնողների մի մասը ձգտում է երեխային թաքցնել շրջապատից, չուղարկել դպրոցական կրթության:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի