Դիմումատուն՝ Մուստաֆա Հաղիլոնը, ազգությամբ իրանացի է, ծնվել է 1973 թվականին, ներկայում բնակվում է Հայաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն երկրից արտաքսելու որոշմանը և մինչև արտաքսումը 18 ամիս ժամկետով կալանավորելուն։
2011 թվականի մարտին Դիմումատուն լքել է Իրանը և անօրինական կերպով մուտք է գործել Կիպրոս։ Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում Դիմումատուն փորձել է կեղծ անձնագրով թռիչք կատարել Լոնդոն, սակայն նրան ձերբակալել են և տեղափոխել են կալանավայր։
Հիմք ընդունելով ներպետական օրենսդրությունը և Եվրոպական միության համապատասխան դիրեկտիվը՝ 2011 թվականի ապրիլին Կիպրոսի Ներքին գործերի նախարարությունը Դիմումատուին երկրից արտաքսելու մասին որոշում է կայացրել՝ անօրինական ներգաղթյալ հանդիսանալու պատճառով։ Ամիսներ անց Դատարանը պարզել է, որ Դիմումատուն կալանավորվել է օրինական հիմքերի բացակայության պայմաններում, և սույն գործով կայացած դատական նիստից հետո Դիմումատուին ազատ արձակելու մասին որոշում է կայացրել։ Սակայն, հիմք ընդունելով Դիմումատուին արտաքսելու և կալանավորելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշումները՝ Գերագույն Դատարանը վճռել է Դիմումատուին նորից կալանավորել։ Որոշման հրապարակումից հետո Դիմումատուին պահել են կալանավորված ներգաղթյալների համար նախատեսված երեք տարբեր նախնական կալանավայրերում։ 2012 թվականին Դիմումատուն ազատ է արձակվել։ Դիմումատուին արտաքսելու համար սահմանված ժամկետը լրանալուց և վերջինիս նախնական կալանավայրում ավելի քան 18 ամիս պահելուց հետո նրան այդպես էլ չեն արտաքսել։
Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ։ Այնուամենայնիվ, Դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած դիմումը՝ նշելով, որ Դիմումատուն իր կամքով լքել է Կիպրոսը և մեկնել է Հայաստան։ Ուստի, համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն դադարել է մասնակցել գործին։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում և 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է հիմնավոր պատճառների բացակայության պայմաններում իրեն կալանավորելու որոշման մասին և այդ որոշման բողոքարկման համար արդյունավետ միջոցի բացակայության մասին։ Դիմումատուն բողոքել է նաև նախնական կալանավայրի վատ պայմանների և իր կալանավորման երկար ժամկետի մասին։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում և 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կիպրոսը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 30․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 4․124 եվրո՝ դատական ծախսերի համար։
Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։