«Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար 3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից  ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի մի քանի խցերում, սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որից հետո խցից դուրս են հանել՝ ՔԿՀ-ի՝ դատապարտված և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ.Հովհաննիսյանին՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:

Նշված տեղափոխությանը խոչնդոտելու նպատակով մի շարք կալանավորներ և դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին և կերակրադռնակներին, այրված անկողնային պարագաներ և կենցաղային այլ իրեր նետել խցերի կերակրադռնակներից և պատուհաններից: Անկարգությունների հետևանքով վնասվել է ՔԿՀ-ի գույքը։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: