Կրթության և գիտության նախարարությունը ամփոփել է 1,5 տարվա ընթացքում կատարած աշխատանքները

Կառավարության հանձնարարականի շրջանակում ամփոփվել են կրթության և գիտության նախարարության` ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:Հաշվետվությունում մասնավորապես նշվում է՝ կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել և կառավարություն և ԱԺ են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» և «Բարձրագույն կրթության մասին» օրենքների նախագծերը: Ընդլայնվել է «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը. ներկայումս  պետական բյուջեի միջոցներով Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում դպրոցական սնունդ է ստանում 1-4-րդ դասարանի շուրջ 30 հազար սովորող:

Միաժամանակ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից շարունակվել է ծրագիրը մնացած մարզերում` 60 հազար սովորողի ընդգրկմամբ: Ընդլայնվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը` ընդգրկելով նաև Լոռու և Տավուշի մարզերը. մինչ այդ համընդհանուր ներառականությունը ներդրված էր նաև Սյունիքի մարզում:

Իրականացվել են վերապատրաստումներ ներառական կրթության, երեխաների գնահատման գործիքակազմի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի վերաբերյալ, հանրակրթական դպրոցներում ներդրվել է ուսուցչի օգնականի հաստիք: 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 1600 սովորող: 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական  տարրերի ներառմամբ: 227 դպրոցի մեկական 10-րդ դասարաններում սեպտեմբեր ամսից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ:

Նախարարությունը հայտնում է, որ վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող: Սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանների բոլոր սովորողներն ապահովվել են անվճար դասագրքերով: Ատեստավորվել է շուրջ 7000 ուսուցիչ և առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել շուրջ 700 ուսուցչի, 2-րդ աստիճանի տարակարգ՝ շուրջ 20 ուսուցչի: Հանրակրթական դպրոցների օպտիմալացման շրջանակներում թվով 13 դպրոց վերակազմակերպվել է:

Հաշվետվությունում ներկայացվել է նաև, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում անվճար համակարգում սովորող ուսանողների թիվն ավելացել է շուրջ 1000-ով: Վերապատրաստվել են ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների առնվազն 40 ղեկավար, ՄԿՈՒ հաստատությունների առնվազն 900 մանկավարժական աշխատող,չափորոշիչներ մշակող առնվազն 25 անձինք: Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» շրջանակներում մշակվել է «Օրգանական գյուղատնտեության սկզբունքները» ուսումնական մոդուլը, ինչպես նաև  Մոդուլի ուսումնական ծրագիրը ներկայացնող ուսուցչի ձեռնարկ: Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ (GIZ) ՄԿՈՒ 4 ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով ներդրվել է դուալ կրթական համակարգ:

Կարևորելով ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացման անհրաժեշտությունը` բուհերի ռեկտորներին առաջարկվել է քննարկել և ուսանողների զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայության պարագայում մինչև ուսումնառության ավարտն ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար կատարել ուսման վարձի առավելագույն զեղչ` 50 տոկոս և ավելի՝ առանց հաշվի առնելու ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը:

Պետության կողմից շարունակվում է իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով: 2017 թվականին, հաշվետվության համաձայն, փոխհատուցում ստացած ուսանողների թիվը կազմել է 2667, ուսուցման վարձավճարի փոխհատուցման գումարը՝ 655.406.105 դրամ: Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցում ստացած առաջին կուրսի ուսանողների թվաքանակը կազմել է 988: Բակալավրի կրթական աստիճանում (երկրորդից չորրորդ կուրս) փոխհատուցում ստացել են 1626 ուսանող, իսկ մագիստրոսի կրթական աստիճանում՝ 53 ուսանող:

Սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պետական կամ հավատար­մագրված ոչ պետական բուհերի համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով ուսանողներին հատկացվել են զեղչեր, մասնավորապես  մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերա­զանց առաջադիմություն ունեցողներին` ուսման վճարի 60 և անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով:

2016թ. սեպտեմբերից առ այսօր օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով, միջպետական համաձայնագրերի շրջանակներում, կրթության և գիտության նախարարության կողմից գործուղվել է շուրջ ՀՀ 440 քաղաքացի: Հայաստանի ուսումնական հաստատություններ ընդունվել է շուրջ 2500 օտարերկրյա քաղաքացի՝ 42 պետությունից: Ներկայումս Հայաստանում սովորում է շուրջ 3800 սփյուռքահայ, որից 530-ը՝ անվճար հիմունքներով: Նրանցից շուրջ 190-ը ստանում է մանկավարժական կրթություն:

Մեկնաբանություններ