«Որևէ կասկած չկա, որ Հայաստանի համար մի նոր էջ է բացվել». Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Այս պահին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունենում ՀՀ վարչապետի ընտրությունը: Նախքան ելույթով հանդես գալը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին շնորհավորեց Շուշիի ազատագրման առթիվ:

Այնուհետև Փաշինյանն սկսեց իր ելութը, որի ժամանակ նշեց, որ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ձևաևորվի ազգային համերաշխության մթնոլորտ, Հայաստանում պետք է հաստատվի իրավունքի և օրենքի հիման վրա հիմնված ազգային միասնություն:

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրությունների արդյունքերն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ: Արհեստական-տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն և վերջ: Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այդ ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու, միևնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների և առանց սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով օրինականությունն ու բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում, օրենքը հավասարաբար և նույն կերպ պիտի գործի, ինչպես քաղաքական համախոհների ու մերձավորների, այնպես էլ՝ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական ու ամենակարևոր ուղերձը, որին մենք պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»,- նշեց նա:

Փաշինյանը հայտնեց, որ բազմաթիվ հայեր են սպասում, թե, երբ են վերադառնալու արտերկրից Հայաստան՝ այստեղ բնակվելու, ներդրումներ կատարելու, աշխատատեղեր բացելու նպատակով: Նրա խոսքերով պետք է զարգացնել տնտեսությունը և կրճատել գործազրկությունը, բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Պետք է նաև զարգացնել բանակը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և այլն:

«Սիրելի հայրենակիցներ, իմ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը: Սիրելի ժողովուրդ, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, որևէ կասկած չկա, որ Հայաստանի համար մի նոր էջ է բացվել, վերադարձ հնին այլևս չի լինելու, մեր երկրում այլևս տեղ չունեն հուսահատությունն ու անելանելիությունը, մեր երկիրը պինդ կանգնած է իր ոտքերի վրա՝ բաց ճակատով և ամուր ողնաշարով: Սիրելի ժողովուրդ, այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի  պատմության մի փառավոր էջ, և ուրեմն՝  կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասաց Փաշինյանը: