Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրաասության դատարանում տեղի ունեցավ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի՝ Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը:
Նշենք, որ դատական նիստն սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով, քանի որ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը չէր ներկայացել նիստին:
Դատավոր Վաչե Մարգարյանը հայտնեց, որ դատարանը բանավոր կարգով տեղեկացվել է, որ Իշխան Բարսեղյանը գրավոր դիմում է հասցեագրել, որով հայտնում է, որ ունի առողջական խնդիրներ և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստին:
«Դատապարտյալների հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ Իշխան Բարսեղյանը ի վիճակի է ներկայանալ նիստին, սակայն ամբաստանյալին բռնի ուժով դատական նիստին ներկայացնելուց մնում ենք ձեռնպահ»,- ասաց դատավորը:
Այս հանգամանքը զայրացրեց ամբաստանյալի պաշտպան Վարդուհի Էլբակյանին. «Ի՞նչ է նշանակում բռնի ուժով դատարան ներկայացնել, ոչ ոք իրավունք չունի անձին բռնի ուժով բերել դատարան»,- ասաց պաշտպանը:
Դատախազ Կարեն Բիշարյանն էլ հայտնեց, որ ամբաստանյալնին հարկադրաբար դատարան ներկայացնելու որոշում կայացնելու անհրաժեշտություն կլինի՝ Իշխան Բարսեղյանի և Դատապարտյալների հիվանդանոցից ուղարկված գրությունները ստանալուց և հետազոտելուց հետո:
Դատարանը որոշեց նիստն ընդմիջել 20 րոպեով, մինչև գրությունները կբերվեն դատարան:
Ընդմիջումից հետո դատարանում ընթերցվեցին ամբաստանյալի և Դատապարտյալների հիվանդանոցի կողմից ուարկված գրությունները:
Նշենք, որ Իշխան Բարսեղյանը հայտնել էր, որ ցանկանում է ներկայանալ դատական նիստին, սակայն ի վիճակի չէ, իսկ դատապարտյալների հիվանդանոցից ուղարկված գրության մեջ նշվում էր, որ Իշխան Բարսեղյանին առաջարկվել է բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է դրանից:
Դատավորը որոշեց հետաձգել գործի քննությունը:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: