Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն սկսվեց 20 րոպե ուշացումով:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներ` Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի նկատմամբ զգուշացում կիրառեց` ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Վերջինս նշեց, որ հաջորդ անգամ ամբաստանյալները կհեռացվեն նիստերի դահլիճից:
Դատական նիստին միջնորդություններով հանդես եկավ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Փաստաբանը միջնորդեց դատարանին վերանայել լուսանկարահանման և տեսանկարահանման վրա դրված արգելքը` թույլ տալով ԶԼՄ ներկայացուցիչներին տեսանկարահանել դատական նիստի ողջ ընթացքը:
Փաստաբան Նինա Կարապետյանցն էլ հայտնեց, որ միանում է այս միջնորդությանը. «Միևնույն է դահլիճում գտնվողները ձայնագում են դատական նիստի ողջ ընթացքը, և ի՞նչն է խանգարում, որպեսզի նրանք նաև տեսագրեն այն»:
Նշենք, որ դատարանն արգելել էր վկաների հարցաքննության ժամանակ տեսանկարահանումը:
Այս միջնորդությանը դեմ արտահայտվեց մեղադրող կողմը` նշելով, որ դատարանի կայացրած որոշումն օրնաչափ է և բխում է արդարադատության շահերից: Դատավորը որոշեց մերժել այս միջնորդությունը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը որոշումը լսելուց հետո հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ, որը դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտարարելուն էր վերաբերվում.
«Դատախազ Պետրոսյանը Ներսես Պողոսյանի նկատմամաբ ցուցաբերել է կանխակալ վերաբերմունք և չի դրսևորել դատախազին բնորոշ պահվածք»,- իր խոսքում ասաց պաշտպանը:
Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ դատախազն ամբաստանյալ Ներսես Պոողոսյանին դիմել է «արա»-ով, ինչը, պաշտպանի խոսքերով ուղղված էր առաջին հերթին դատարանին և անընդունելի էր: Պաշտպանական կողմը միացավ այս միջնորդությանը: Այդ ընթացքում դատախազը քթի տակ ժպտում էր, ինչն էլ առաջացրեց դահլիճում գտնվողների զայրույթը․ նրանք սկսեցին տեղից բղավել և ամոթանք տալ դատախազին:
Դատարանը որոշեց քննարկել միջնորդությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ:
20 րոպե անց դատավորը հայտնեց, որ մերժում է այս միջնորդությունը, որից հետո Պապիկյանը ներկայացրեց 3-րդ միջնորդությունը` Ներսես Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու` կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, սակայն այս միջնորդությունը ևս մերժվեց դատարանի կողմից:
Արայիկ Պապիկյանը հանդես եկավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությամբ, քանի որ դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում ամբաստանյալ Ներսես Պողոսյանի նկատմամբ, և մերժում է պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները, դրանից հետո դատավորը որոշեց ընդմիջել նիստը և հեռացավ որոշում կայացնելու:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ միջնորդությունների մերժման պատճառն այն է, որ դատարանը պատվեր է կատարում.
«Մենք այսօրվա դատական նիստին մի քանի սցենարով էինք պատրաստվել և ամենահավանական սցենարը որին մենք պատրաստվել էին, դա հենց այն էր ինչը որ տեղի ունեցավ: Բնականաբար մեր միջնորդությունների բավարարվելու դեպքում պատրաստվել էինք այլ ընթացքով աշխատելուն: Ցավոք սրտի ինչ մենք կանխատեսում էինք, հենց այդպես էլ եղավ»,- ասաց նա:
Արայիկ Պապիկյանի կարծիքով բոլոր ամբաստանյալների համար արդեն դատավճիռները պատրաստ են. «Ընդամենը պիտի որոշակի ժամանակ ձևականորեն նիստեր տեղի ունենան և այն դատավճիռը, որն այսօր պատրաստ է մենք վերջում կստանանք»:
Նիստն վերսկսվելուց հետո Տաթևիկ Գրիգորյանը մերժեց 4-րդ միջնորդությունը, այնուհետև դատարան հրավիրվեց վկա Աննա Ա.-ն, ով հայտնեց, որ աշխատել է Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ` «Առանցք» և «Նախախորհրդարան» ՀԿ-ներում և կատարել է խմբագրական և թարգմանչական աշխատանք: Աննայի խոսքերով Սեֆիլյանն ու Ավետիսյանը իրեն մշտապես ցուցումներ են տվել աշխատանքի հետ կապված, քանի որ Վարուժան Ավետիսյանը եղել է գործադիր տնօրեն, իսկ որոշ ժամանակ անց ինքն է զբաղեցրել այդ պաշտոնը:
Վկան նաև նշեց, որ ամբաստանյալների հետ աշխատել է մինչև 2015 թվականի հունվարը. «Դրանից հետո կազմակերպական առումով ունեցել եմ տարաձայնություններ և այդ պատճառով դուրս եմ եկել աշխատանքից, քանի որ իմ կարծիքով աշխատանքն անարդյունավետ էր»:
Պատասխանելով մեղադրող կողմի հարցերին վկան հայտնեց, որ բռնության, ուժի կիրառման և նմանատիպ կոչեր երբեք չեն եղել. «Ընդհակառակը միշտ հնչել են այնպիսի կոչեր, որ բռնություն և նման բաներ չպետք է լինեն»,- ասաց վկան:
Վկայի ցուցմունքից հետո մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ ներկայից ցուցմունքում առկա են էական հակասություններ: Դատարանը որոշեց բավաարել միջնորդությունը:
Նախաքննական ցուցմունքի հրապարակվելուց հետո ցուցմունք տվեցին մյուս վկաները, որոնցից Արման Հովսեփյանը հայտնեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում և ոչ մի բանից տեղյակ չէ: Նա դատարանին հայտնեց, որ իրենց մոտից վարձակալվել է մեքենա, սակայն չի հիշում, թե ո՞վ է այն վարձակալել և ե՞րբ. «Վարձակալության դեպքերը շատ են և չեմ կարող բոլորին հիշել»,- վկան այսպես մեկնաբանեց չհիշելու պատճառները:
Գործով մյուս վկան Մարիամ Սարգսյանն էր, որը հայտնեց, որ ճանաչում է միայն Սեֆիլյանին, որին տեսել է միայն հեռուստատեսությամբ. «Այս քրեական գործի հետ իմ կապը զարմանք է առաջացնում»,- ասաց վկան:
Նա ևս պատասխանելով մեղադրող կողմի հարցերին նշեց, որ միայն բաժանորդագրվել է «Նախախորհրդարան»-ի էջին և գրանցել է իր էլեկտրոնային հասցեն, այլ առնչություն գործի հետ կապված չունի:
Վկաներին լսելուց հետո դատարանը հայտնեց, որ տեղեկություն ունի միայն 2 վկաների վերաբերյալ իսկ մյուս վկաները զգուշացվել են, սակայն չեն ներկայացել դատարան: Վերջինս որոշեց մյուս նիստի ժամանակ վկաներին բերման ենթարկել դատարան:
Գործի քննությունը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:
Նյութը` Ելենա Արամյանի